«Այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք». Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին
Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը։
Այս մասին Հայ-իտալական համաժողովի բացման արարողությունից հետո տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ՏԻմ ընտրություններին ու դրանց արդյունքներին։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 9-ում՝ արտահերթ:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հաղթել է գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանը:
«Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն։ Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ առաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։
Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, և քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի օգտագործում։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ ցածր վարկանիշի մասին խոսակցություններին՝ վարչապետը նշեց.
«Ուղիղ մի տարի առաջ՝ հեղափոխությունից երկու ամիս հետո, մեր թեկնածուն պարտվեց Կապանում, դրանից հետո տեղի ունեցան ընտրություններ, և մեր թեկնածուն 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում։
Այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք»։
Փաշինյանը հավաստիացրեց, որ ընտրություններում, անկախ նրանից՝ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչը կհաղթի՞, թե՞ ոչ, հաղթում է հեղափոխությունը, հաղթում է ժողովուրդը։
Զարուհի Դիլանյան