
Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրություններում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն

Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրությունների՝ հունիսի 9-ին Թբիլիսիի Մթածմինդայի ընտրատարածքում կայացած երկրորդ փուլում հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու Լադո Կախաձեն։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Կախաձեն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 60 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու փաստաբան Շալվա Շավգուլիձեն՝ մոտավորապես 40 տոկոսը:
Խորհրդարանի միջանկյալ ընտրությունները նշանակվել էին ազատված պատգամավորական մանդատի կապակցությամբ. որը պատկանում էր նախագահական ընտրություններում հաղթած Սալոմե Զուրաբիշվիլիին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: