Բաժիններ՝

Հոնկոնգում ոստիկանությունը գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար

Հոնկոնգի կենտրոնում հունիսի լույս 10-ի գիշերը ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Ինչպես հայտնել է RTHK ռադիոհեռուսահաղորդումների կորպորացիան, ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի դեմ բողոքի բազմահազարանոց ակցիայի մասնակիցների մի մասը կեսգիշերից հետո չի ցանկացել հեռանալ եւ փորձել է գրոհել Օրենսդիր խորհրդի շենքը։

Կարգի պահապաններն ամբոխին կանգնեցրել են մետաղական արգելափակոցներով եւ արմատականորեն տրամադրված առանձին անձանց դեմ գործադրել են պղպեղագազ եւ մահակներ: Սկզբում բողոքի ակցիան խաղաղ էր ընթանում եւ կազմակերպված բնույթ էր կրում: Հոնկոնգի մի քանի հարյուր հազար բնակիչներ, որոշ գնահատումներով՝ մինչեւ 1 միլիոն մարդ, Վիկտորիայի զբոսայգուց երթով անցել են դեպի Ադմիրալտիի շրջանի կառավարական համալիր:

Դրանով իսկ նրանք բողոք են հայտնել ՉԺՀ-ի հետ արտահանձնման օրենքի եւ այդ ինքնակառավարվող հատուկ վարչական շրջանի ներքին գործերի նկատմամբ Չինաստանի իշխանությունների կողմից վերահսկողության ուժեղացման դեմ: Նորամուծությունը թույլ կտա Չինաստանի իշխանությունների պահանջով մայր ցամաք հանձնել այն անձանց, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենքների խախտման մեջ:

Դրա դեմ հանդես է գալիս տեղական ընդդիմությունը, որն անհանգստացած է Հոնկոնգի ներքին գործերի նկատմամբ Պեկինի վերահսկողության ուժեղացումից: Ընդդիմությունը զգուշանում է, որ արտահանձնումը կարող է տարածվել ոչ միայն քրեական եւ կոռուպցիոն գործերի ֆիգուրանտների, այլեւ իրավապաշտպանների եւ այլախոհների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս