Բաժիններ՝

«Մեր քաղաքացիները հարկային բարեփոխումներից բողոքելու առիթ չունեն, որովհետև բոլորը շահառու են»

Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ:

– Պարոն Պապոյան, Հարկային օրենսգրքով նախատեսվող եկամուտների համահարթ հարկման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք համահարթի հարցում:

– Ես լիբերալ մոտեցում ունեմ և համահարթի կողմնակից եմ: Ինչո՞ւ, որովհետև ես չեմ համարում, որ 155 հազար ստացողը հարուստ մարդ է, կամ 300 հազար ստացողը հարուստ մարդ է, կամ թեկուզ 500 հազար կամ 1 մլն ստացողը հարուստ մարդ է: Եվ, ըստ էության, մեր քաղաքացիները հարկային բարեփոխումներից բողոքելու առիթ չունեն: Ինչո՞ւ, որովհետև բոլորը շահառու են: Մինչև 150 հազար դրամ ստացողների եկամտահարկն աստիճանաբար 2022-ին դառնալու է 20%, այսինքն՝ բոլորս ենք շահելու: Հասկանալի է, որ բարձր աշխատավարձ ստացողներն ավելի շատ են շահելու:

– Եվ դա է անարդար համարվում:

– Ես չեմ համարում դա անարդարություն, որովհետև 1 մլն դրամ ստացողն այս հարկային փոփոխություններից հետո, օրինակ, 2019թ. սեպտեմբերի 1-ին վճարելու է 230 հազար դրամ, 100 հազար դրամ ստացողը՝ 23 հազար դրամ, այսինքն՝ 10 անգամ ոչ միայն աշխատավարձն է տարբեր, այլև՝ վճարված հարկերը: Մենք չպետք է հարկենք աշխատավարձը, որովհետև աշխատավարձը հարստության միջոց չէ: Աշխատավարձը լավ ապրելու միջոց է: Մենք պետք է հարկենք հարստությունը, որի համար պետք է մտցնենք գույքահարկի օրենքի փոփոխություն, որով շքեղ տներն ու շքեղ մեքենաները պետք է հարկվեն:

– Այսինքն՝ շքեղության հա՞րկ է մտցվելու:

– Շքեղության հարկ չէ, բայց գույքահարկի ռեֆորմի միջոցով մենք հարստությունը կարող ենք հարկել:

– Դա ե՞րբ կլինի:

– Հենց այս տարի: Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովն ու կառավարությունն աշխատում են, այս ամռանը մենք արագ տեմպով կաշխատենք այդ ուղղությամբ և, կարծում եմ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կբերենք նախագիծն ու տարվա վերջին այն կունենանք:

– Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձն է բարձրանալու, բայց ուսուցիչներն էլ դժգոհում են, որ բոլորին նույն չափով՝ 10%-ով է բարձրացում լինելու, այսինքն՝ քիչ ստացողն ավելի քիչ հավելյալ գումար կստանա, քան շատ ստացողը: Այսինքն՝ այստեղ էլ անարդարության խնդիր կա:

– Առհասարակ, ես կարծում եմ, որ մենք պետք է ուսուցիչների աշխատավարձը բարձրացնենք, բայց բարձրացնենք հետևյալ տրամաբանությամբ՝ որակավորված մասնագետները, մարդիկ, որոնք հոդվածներ ունեն, համապատասխան որակավորումներ են անցել, նրանց աշխատավարձը պետք է շատ բարձրանա: Բայց այս պահին այն, ինչ երկրի վարչապետն է առաջարկում, դա նվազագույնն է:

Այսինքն՝ մեր աշխատավարձերը բարձր չեն, շեմը որոշակի պետք է բարձրացնենք, որոշակի չափի հասցնենք, որ հետո այլ սկզբունքով բարձրացնենք: Այսօր տարբեր որակավորում ունեցող մասնագետների, տարբեր փորձառություն ունեցող ուսուցիչների համար աշխատավարձերը շատ ցածր են, և մենք առաջիկա տարիներին պետք է երկու ուղղությամբ աշխատենք՝ և՛ համընդհանուր բարձրացնենք, և՛ տարբեր ծրագրերի միջոցով փորձառու, լավագույն փորձ ունեցող, հոդվածներ գրող, որակավորում ունեցող, բարձր բալեր ունեցող ուսուցիչների աշխատավարձը պետք է համընդհանուրի հետ զուգահեռ՝ առաջանցիկ բարձրացնենք, այսինքն՝ ընդհանուր10%, իսկ այս խմբինը՝ 30-50%:

– Բայց մարդիկ կան, որ անգամ սոցիալական, պարենային զամբյուղներից ցածր են ստանում:

– Այն, որ բավարար չէ, բոլորս գիտենք: Դրա համար նաև կա երկրորդ ուղղությունը՝ ԱԺ 2 պատգամավորներ օրենսդրական առաջարկ են ներկայացրել նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով  բարձրացնելու, և, բնականաբար, այն մարդիկ, որ նվազագույն աշխատավարձ են ստանում, նրանց մոտ նաև այդ բարձրացումը կլինի: Դրական դինամիկա կա: Արդյոք այն բավարա՞ր է: Ո՛չ, դեռևս ոչ մեկիս դա չի բավարարում: Բայց ավելի լավ է նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամ բարձրանա՞, թե՞ չբարձրանա, ավելի լավ է ուսուցիչների աշխատավարձը, որը վերջին անգամ 12-13 տարի առաջ է բարձրացել, այժմ 10% բարձրանա՞, թե՞ չբարձրանա: Զինվորականների աշխատավարձը միջինը 20% բարձրացավ: Լա՞վ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ լավ է: Կարո՞ղ էր ավելի շատ բարձրանալ: Ես կուզեմ՝ շատ ավելի շատ բարձրանա, բայց պետք է նաև այս ամեն ինչը սահուն անցնի, որպեսզի բյուջեի համար խնդիրներ չառաջանան: Հույս ունեմ, որ հաջորդ տարիներին էլ կունենանք այս ուղղություններով 10-20% սահուն բարձրացումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս