Բաժիններ՝

«Հնարավոր է՝ Ֆեյսբուքը դիմումների հիման վրա տա ոչ լիարժեք տվյալներ». Սամվել Մարտրոսյանը՝ 81 օգտատիրոջ տվյալների մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին, այսինքն՝ նոր կառավարության օրոք, Ֆեյսբուքից վեց դեպքով փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ և օգտատիրուհու տվյալ: «Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է։ Դեպքերի կեսում որևէ չափով Ֆեյսբուքը բավարարել է հարցումները»,- տեղեկացրել  էր փորձագետը:

168.am-ի հետ զրույցում՝ մանրամասնելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ամեն տարի Ֆեյսբուքը հրապարակում է թափանցիկության զեկույց, որտեղ նշում է, թե որ երկրից քանի պաշտոնական հարցում է ստացել։

«Բոլորս հիշում ենք, որ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ Ֆեյսբուքով ուղիղ եթեր էին մտել, տվյալ պարագայում այդ պետությունը կարող է դիմել Ֆեյսբուքին, որպեսզի այդ տեսանյութը հեռացնի ցանցից։ Այսինքն՝ կան հրատապ դիմումներ և քրեական գործերի շրջանակներում ինչ-որ տվյալների ստացման հարցում, օրինակ, եթե տեղի է ունեցել որևէ սպանություն, ոստիկանությունը կարող է Ֆեյսբուքից ուզի սպանվածի նամակագրությունը։ Յուրաքանչյուր դեպք այս սոցիալական ցանցը քննում է և արձագանքում միայն լուրջ դեպքերում»,- ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Նա նաև հավելեց, որ Հայաստանից դիմումների մի մասի հետ կապված՝ Ֆեյսբուքը տվյալներ չի տրամադրել։

Նա նաև շեշտեց, որ նման դիմումներով Ֆեյսբուքին դիմում են այն երկրները, որտեղ օգտվում են այդ ցանցից։

«81 օգտատիրոջ մասով դիմումները մեր երկրի համար մեծ թիվ է, այսինքն՝ դիմումների քանակը՝ համեմատած նախորդներին, քիչ է, բայց դրանց մեջ ավելի շատ օգտատեր է ներգրավված։ Շատ հնարավոր է, որ Ֆեյսբուքը դիմումների հիման վրա տա ոչ լիարժեք տվյալներ, օրինակ՝ կարող են ուզել նամակագրությունը, ID հասցեն, բայց ցանցը տրամադրի միայն հասցեն։ Ֆեյսբուքն ամեն ինչին լուրջ է վերաբերվում, քանի որ հասարակության կողմից ամեն ինչ անվերահսկելի է, այսինքն՝ մենք չգիտենք՝ դիմումը կոնկրետ ում մասին է եղել, և այն երբ է ուղարկվել։ Կարող եմ ենթադրել, որ, օրինակ, «Դուխով Հայաստան» օգտատիրոջը հենց այսպես են բացահայտել։ Բայց տվյալներ տալուց առաջ պետք է համոզվի, որ դրա հետևում քաղաքական հալածանք չի թաքնված, որը քողարկված է քրեական գործի ներքո։ Այդ պատճառով միշտ զգուշավոր են և կարող են քիչ տվյալներ տրամադրել, որպեսզի օգտատերերին վնաս չպատճառեն»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս