Ես պատերազմ չտեսնելու իրավունք ունեմ. Բեգլարյանի յուրօրինակ ուղերձը` երեխաների օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է տարածել երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ կցելով դպրոցականների կողմից պատրաստված լուսանկարներ ու դրանց նկարագրությունները:
Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Սիրով շնորհավորում եմ բոլոր երեխաներին և նրանց ծնողներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխաների իրավունքների պաշտպանությունը համարելով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը՝ ես մեծապես կարևորում եմ, որ մենք ողջ տարին պատշաճ ուշադրություն դարձնենք երեխաների իրավունքներին՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից: Կարծում եմ՝ այս առիթով լավագույն շահը երեխաներին հարթակ տալն է, որպեսզի իրենք խոսեն իրենց իրավունքների մասին:
Ուստի, առաջարկում եմ ստորև ծանոթանալ ԱՀ ՄԻՊ կողմից 2018թ. կազմակերպված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթին մասնակից լուսանկարներին և դրանց նկարագրություններին:
Հեղինակ՝ Լիլիթ Մազուլյան
Նա իմ եղբայրն է՝ Կորյունը: Ես հաճախ եմ դպրոց գալիս առանց նրա, որովհետև նա պետք է մեր ոչխարներին տանի արածեցնելու: Դպրոցի պատուհանից երբեմն երևում է, թե ինչպես է Կորյունը վազում նոր ծնված գառների հետևից՝ գիրքը թևի տակ սեղմած: Ես երազում եմ, որ իմ եղբայրն էլ, բոլոր երեխաների նման կարողանա դպրոց գալ ու դաս սովորել տանը: Ես երազում եմ, որ Կորյունը մեծ մարդ դառնա:
Հեղինակ՝ Անրի Շահնազարյան
Իմ լուսանկարում ընտանիքիս անդամներն են: Նրանցից յուրաքանչյուրի միջոցով ուզում եմ մարդկանց ասել այն ամենը, ինչ կուզենայի որ ամենուր այդպես լիներ: Կուզենայի, որ բոլոր երեխաները լինեն պաշտպանված, անհոգ մանկություն ունենան, ապրեն առողջ, լինեն սիրված ու գնահատված, անկախ նրանից թե ընտանիքում քանի երեխա է մեծանում: Մեծանան խաղաղ երկնքի տակ , ունենան հավասար իրավունքներ : Իսկ վերջում դեռ չծնված աղջիկն է, որին ծնողները թույլ չեն տալիս ծնվել, աղջիկ լինելու պատճառով , չէ՞որ նա էլ ունի լույս աշխարհ գալու իրավունք և իր ներդրումը ունենալու պետության զարգացման գործում:
Հեղինակ՝ Անի Դանիելյան
«Ես՝ Անի Դանիելյանս, 10 տարեկան եմ: Ես ապրում եմ մի այնպիսի աշխարհում, որտեղ տիրում է անսահման գեղեցկություն, որը ստեղծել է Աստվածը, բնությունը և մարդը: Բայց, ցավոք սրտի, ոչ բոլորն են այն գիտակցում ու գնահատում:
Մարդուն բնորոշ է ոչնչացնել, ավերել և սպանել…
Ես երազում եմ ապրել խաղաղության և համերաշխության մեջ, որպեսզի բոլոր մարդիկ՝ անկախ իրենց սեռից, ռասայից, մաշկի գույնից, կրոնից, տարիքից, ապրեն խաղաղ և երջանիկ:
Եվ ես ունեմ դրա իրավունքը…
Ունեմ նաև իրավունք չտեսնել պատերազմ, սիրել և սիրված լինել իմ հարազատների կողմից, ունեմ իրավունք պաշտպանված լինել պետության կողմից, ստանալ կրթություն, ապրել լավ սոցիալական պայմաններում, ստանալ որակյալ բժշկական օգնություն, զբաղվել սպորտով:
Եվ ես ունեմ դրա իրավունքը….»