«Ժամանակավոր արդյունքներ Ղարաբաղյան բանակցություններում»․ Ինչի է սպասում հայկական կողմը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին կոնկրետ առաջարկներ են ներկայացրել։ Մայիսի 27-30 տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ այցի շրջանակում մայիսի 27-ին Երևանում հանդիպել են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ մայիսի 30-ին Բաքվում՝ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները հանդիպումներ են ունեցել նաև արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ մայիսի 28-ին ՄԽ համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Բաքվում նրանք հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են իրավիճակը հումանիտար ոլորտում: «Այցի հիմնական նպատակն էր՝ գնահատել իրավիճակի զարգացումը շփման գծում և միջազգային սահմանին, ինչպես նաև՝ հետևել մարտի 29-ին Վիեննայում՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ու ապրիլի 15-ին Մոսկվայում՝ նրանց արտգործնախարարների միջև տեղի ունեցած քննարկումներին:
Ինչպես և պահանջվել էր, համանախագահները կարգավորման գործընթացի համար հետագա հստակ քայլերի առաջարկներ են ներկայացրել, այդ թվում և՝ հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ:
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում հանդիպել նրանց հովանու ներքո, ինչի մասին մանրամասները կհայտարարեն համապատասխան ժամկետում:
Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին կորուստների առնչությամբ և կոչ են արել կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելու էսկալացիայից»,- ասվում է հայտարարության տեքստում։
Ուշագրավն այն է, որ համանախագահների երևանյան այցից հետո լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ շուտով կկարողանան ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում։
«Մնացած հարցերը ևս քննարկվում են այս պահին։ Համանախագահների տարածաշրջանային այցից հետո միայն հնարավոր կլինի ամփոփել ընդհանուր արդյունքները»,- ասել է նախարարը։
Իսկ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը նշել էր, որ Ադրբեջանն անցյալ տարի ՀՀ իշխանություններին ժամանակ էր տվել, և այդ ժամանակը ներկայումս սպառվել է, իրական դիվանագիտությունը սկսվել է այս տարեսկզբից։ Սրան զուգահեռ՝ փոխվել է հարաբերական հանդարտ իրավիճակը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ավելին՝ միայն այս ամսվա ընթացքում, առանց համապատասխան ԵԱՀԿ իրազեկման, ադրբեջանական կողմը երկու խոշորամասշտաբ զորավարժություններ է իրականացրել, որոնցից մեկը՝ թուրքական ուժերի հետ համատեղ։
Այս իրավիճակում ինչ արդյունքների մասին է խոսում ՀՀ ԱԳ նախարարը, և որքանով են այդ արդյունքները երաշխավորելու շփման գծում հարաբերական խաղաղությունը հակամարտության վերջնական կարգավորմանն ընդառաջ՝ ադրբեջանական փոփոխված հռետորաբանության ֆոնին։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ, ենթադրաբար, Զ. Մնացականյանը նկատի ունի մարդասիրական ծրագրեր իրականացնելու հարցում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ևս ժամանակ պահանջեցին, քանի որ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը միանշանակ չընդունվեց։ Սա, նրա որակմամբ, իրավիճակային և ժամանակավոր լուծում է՝ պահպանելու համար կողմերի միջև շփումները, որոնք սկսվել էին ամիսներ առաջ՝ որոշակի ուռճացված ակնկալիքների և նախկինում արված անհեռատես հայտարարությունների ֆոնին։ Սկակովի կարծիքով, միանշանակ չէ, որ սա թուլացնելու է կողմերի միջև այն գլոբալ լարվածությունը, որը կա, և որի պատճառը բարդ հարցերի շուրջ անհամաձայնությունն է։
«Սակայն սա դրական քայլ կլինի գերիների և նրանց հարազատների համար, հասարակությունների որոշ շերտերի մոտ դրականորեն կգնահատվի։ Սակայն մենք գիտենք, որ կողմերի գլոբալ տրամադրվածությունը, ծրագրերը չեն փոխվել, շփման գծում իրավիճակը կրկին փխրուն կարող է լինել, դա կարող է լինել ցանկացած պահի։ Նման ծրագրերը չեն ստեղծում իրապես այնպիսի հեռանկարներ բանակցային գործընթացի համար, որպեսզի հնարավոր լինի կանխատեսել տևական հանդարտ իրավիճակ շփման գծում։ Դա հնարավոր կլինի անել միայն բանակցային փաթեթի շրջանակում որոշակի առաջընթացի պայմաններում։ Իսկ ներկայումս կա լարվածություն, քանի որ կան չլուծված բազում բարդ հարցեր, պատերազմի հավականությունն էլ, մեր գնահատմամբ, չի նվազել, նման բանի պետք է պատրաստ լինել մշտապես»,- ասաց Սկակովը։
Նրա գնահատմամբ՝ համանախագահների այցը տարածաշրջան լիովին տեղավորվում է վերջին մարդասիրական ծրագրերի կոնտեքստում, կոնկրետ առաջարկներ են ներկայացվել այդ առնչությամբ, կան նույնիսկ համաձայնություններ։ Բայց, ըստ նրա, այս դեպքում երկու սցենարն էլ չի բացառվում՝ գուցե այդ ծրագրերը հաջողությամբ իրականացվեն, գուցե ինչ-որ պահի դադարեցվեն, կամ խոչընդոտող հանգամանքներն ավելի ազդեցիկ գտնվեն։ «Այնուամենայնիվ, ես երկարաժամկետ արդյունքի տեսանկյունից այս ծրագրերն արդյունավետ չեմ համարում, սրանք այս պահի համար ինչ-որ խնդիր են լուծում, բայց ապագային միտված չեն կարող լինել»,- ասաց Սկակովը։
Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն անդրադառնալով համանախագահների տարածաշրջան կատարած այցին՝ ընդգծեց այն հանգամանքը, որ համանախագահները եղել են նաև Արցախում։ Սա, նրա որակմամբ, կարևոր փաստ է պաշտոնական Երևանի՝ Ստեփանակերտը բանակցային սեղան վերադարձնելու պահանջների ֆոնին՝ հաշվի առնելով նաև վերջին այցը, որի աշխարհագրությունից ԼՂ-ն դուրս էր մնացել, ինչն անհանգստացնող արձանագրում էր։ Վերջին այցը, ըստ նրա՝ բավականին համապարփակ էր, լավ ձևաչափով, նաև նախարարների հետ հանդիպումներով, ինչը թույլ է տվել անդրադառնալ թե՛ դիվանագիտական գործընթացին, թե՛ շփման գծին, քանի որ երկու շերտերում էլ պրոցեսներ են ընթանում։
«Մարդասիրական ծրագրեր իրականացնելու շուրջ պայմանավորվածությունները, բնականաբար, առաջընթաց եմ համարում, բայց ես կարծում եմ նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախորդ տարվա բանակցությունների շնորհիվ վերադարձել են իրատեսականության դաշտ։ Ադրբեջանն ակնկալում էր, որ ներքաղաքական զարգացումների մեջ գտնվող Հայաստանի իշխանությունները զիջումների կգնան կամ անմտածված քայլեր կանեն, իսկ ՀՀ իշխանություններն ակնկալում էին, թե իրենց կհաջողվի առաջընթաց գրանցել մթնոլորտ սահմանելու միջոցով։
Երկու պատրանքներն էլ կոտրվում են։ Ադրբեջանը շարունակում է ուշի ուշով հետևել ներհայաստանյան զարգացումներին՝ փորձելով դիվիդենտներ քաղել յուրաքանչյուր իրավիճակից, որից հնարավոր է՝ հօգուտ Ադրբեջանի: Իսկ հայկական կողմի վերջին սուր հայտարարությունները նոր տարածքների վերաբերյալ ցույց տվեցին, որ հայկական կողմը չի բացառում և պատրաստ է նոր ռազմական գործողությունների, որը, իմ ընկալմամբ, ճիշտ դիրքորոշում է։
Կարծում եմ՝ մեծ հաշվով հակամարտության գոտում ոչինչ չի փոխվել, և քաղաքական ու ռազմական դիվանագիտությունները պետք է ակտիվ լինեն զուգահեռաբար, քանի որ նույնիսկ այս ծրագրերի ֆոնին կա լարման վտանգ, Ադրբեջանն առիթը բաց չի թողնում իր ուժից, պատերազմի պատրաստակամությունից խոսելու համար:
Մամեդյարովի վերջին հայտարարությունները ևս զգոնության ազդանշան էին։ Հենց այս պատճառով կարևորում եմ, որ տարածաշրջանում համանախագահները հանդիպեցին նաև պաշտպանության նախարարներին և, բացի քաղաքական հարցերից, վստահաբար անդրադարձան նաև հակամարտության գոտում առկա դրությանը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։