Բաժիններ՝

Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում. fip.am

Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018 թ. ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, և դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 2018 թ. մայիսից դարձել է ԱԺ պատգամավոր։ Նա 2018 թ. հունիսի 15-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա (16.05.2018) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։ Այստեղ ներառված տվյալները մի շարք հարցեր են առաջացնում։

Կնոջ հայտարարագրի բացակայությունը

Փոխկապակցված անձանց թվում ԱԺ պատգամավորը նշել է անչափահաս երկու զավակներին և կնոջը՝ Մարիամ Մարգարյանին։

Վերջինս, սակայն, Էթիկայի հանձնաժողով մինչ այժմ հայտարարագիր չի ներկայացրել, ինչը կասկածի տակ է դնում ԱԺ պատգամավորի ունեցվածքի մասին հայտարարագրում ներկայացված տվյալների լիարժեքությունը։

Հատկանշական է, որ Մարիամ Մարգարյանը, պայմանավորված ամուսնու նոր պաշտոնով (2019 թ. հունվարի 14-ից Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի նախագահի տեղակալն է), պետք է տարեկան հայտարարագիր ներկայացներ մինչև ս.թ. մարտի 31-ը։

Սակայն տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև մայիսի 31-ը։

Ուշագրավ է, որ այլ պատգամավորների ընտանիքի անդամները վաղուց ներկայացրել են տարեկան հայտարարագրերը։

Օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի անգամ անչափահաս զավակներն են հայտարարագրեր ներկայացրել։

Նշենք, որ հայտարարագրի չներկայացնելը վարչական իրավախախտում է՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն։

Կեղծ հայտարարագիրը

Ալեն Սիմոնյանն ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա (16.05.2018)դրությամբ առկա գույքի հայտարարագրում ներկայացրել է 2012 թ. արտադրության RANGE ROVER EVOQUE 2.0 մակնիշի մարդատար ավտոմեքենա: Սակայն Ճանապարհային ոստիկանությունից ստացված գրության համաձայն, այդ մեքենան նա ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո՝ հունիսի 12-ին:

Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է RANGE ROVER մակնիշի մեքենա, սակայն շուրջ 12 մլն դրամ արժողությամբ շարժական գույքը (Ալեն Սիմոնյանը հաստատել է, որ մեքենան գնել է 25,500 դոլարով) ձեռք է բերել պաշտոնավարման ժամանակ: Իրականում պաշտոնը ստանձնելիս նա ունեցել է 2011 թ. արտադրության MITSUBISHI ASX մակնիշի մեքենա: Ըստ այդմ՝ Ալեն Սիմոնյանն ակնհայտ կեղծ տվյալներ է ներկայացրել, ինչը Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով նախատեսված հանցագործություն է (hայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Եթե Ալեն Սիմոնյանը պատահաբար է շփոթել պաշտոնը ստանձնելու և հայտարարագիր ներկայացնելու օրերը, և սխալը իսկապես դիտմամբ չի արվել (սա պետք է դեռևս քննվի հանձնաժողովի կողմից), ապա շփոթմունքի համար նախատեսված է միմիայն վարչական տուգանք։

Ապօրինի հարստացման կասկածներ

Հաճախ պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս փորձում են ավելի շատ (նաև ավելի թանկ) ունեցվածք հայտարարագրել, որպեսզի հետագայում ապօրինի կերպով հարստանալիս ներկայացնեն դա որպես «նախկինում արդեն իսկ առկա ունեցվածք» (ապօրինի հարստացումը քրեորեն պատժելի է, եթե այն տեղի է ունեցել պաշտոնավարման ժամանակ):

Այժմ փորձենք հասկանալ, թե որքանով է այս դեպքն ապօրինի հարստացման օրինակ, և ինչն է Ալեն Սիմոնյանը ցանկացել թաքցնել՝ կեղծ հայտարարագրեր ներկայացնելով։

2018 թ. մայիսի 16-ի դրությամբ, համաձայն Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, Ալեն Սիմոնյանն ունեցել է 2 մլն դրամ և 16,200 դոլար: 2018 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն, ԱԺ պատգամավորն ունեցել է 2․5 մլն դրամ և 18,500 դոլար: Այսինքն` շուրջ կես տարում Ալեն Սիմոնյանը «հարստացել» է մոտ 3,300 դոլարով: Նույն ընթացքում Ալեն Սիմոնյանը ստացել է մոտ 2․7 մլն դրամի (մոտ 5600 դոլար) չափով աշխատավարձ՝ որպես ԱԺ պատգամավոր:

Եթե հայտարարագրում նշված տվյալները ճիշտ են, ապա ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը վեց ամսում ծախսել է մոտ 1.2 մլն դրամ կամ ամսական 200,000 դրամ։ Մինչդեռ ԱԺ պատգամավորն ունի բանկից վերցրած փոխառություն, որն իրենից ենթադրում է նաև ամսական լրացուցիչ վճարումներ։

Այլ կերպ ասած՝ պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանն անձնական խնայողություններով կամ աշխատավարձով չէ, որ գնել է RANGE ROVER-ը: Դա, ըստ էության, հաստատել է նաև ինքը՝ Ալեն Սիմոնյանը, ասելով. «Մեքենան գնվել է անցած տարվա հունիս ամսին իմ նախորդ մեքենայի (2011 թ. արտադրության MITSUBISHI ASX 2.0L, որը ձեռք էր բերվել 2016 թ. օգոստոսին — խմբ.) վաճառքից գոյացած գումարով և «Հայէկոնոմբանկից»  վարկային միջոցների ներգրավմամբ»։

Ճանապարհային ոստիկանությունից ստացված տեղեկանքի համաձայն, Ալեն Սիմոնյանը RANGE ROVER-ը գնելու նախորդ օրը՝ 2018 թ. հունիսի 11-ին, իսկապես վաճառել է MITSUBISHI ASX 2.0L մակնիշի ավտոմեքենան, որի շուկայական արժեքը մոտ 9-11 հազար դոլար է: Այսինքն, Ալեն Սիմոնյանին պետք էր ևս մոտ 15,000 դոլար՝ հունիսի 12-ին RANGE ROVER EVOQUE 2.0 մակնիշի մեքենան գնելու համար:

Հատկանշական է, որ մամուլում առկա հրապարակումների համաձայն, Ալեն Սիմոնյանն իր RANGE ROVER մակնիշի այդ մեքենան նվեր է ստացել «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանից՝ բուքմեյքերների մասին հայտնի օրենսդրական նախաձեռնության համար:

Վարկային միջոցներ

Անդրադառնանք «Հայէկոնոմբանկից» ստացված վարկային միջոցներին։ Ինչպես երևում է 2018 թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ԿԸՀ-ին տրամադրած գույքի և եկամուտների մասին թեկնածուի հայտարարագրում (հաշվետու ժամանակաշրջան է վերցված 01.11.2017 — 01.11.2018), Ալեն Սիմոնյանը 14 մլն դրամ փոխառություն (վարկ) է ստացել։ Սակայն նույն վարկը երևում է նաև վեց ամիս առաջ՝ 2018 թ. ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու (16.05.2018) հայտարարագրում: Այսինքն, Ալեն Սիմոնյանն այդ վարկով չէ, որ ձեռք է բերել RANGE ROVER-ը։ Տրամաբանական չէ վերցնել վարկ, չoգտագործել այն մի քանի ամիս և վճարել դեռևս չօգտագործվող վարկի համար տոկոսներ։

Հարություն Ծատրյան
Ամբողջությամբ՝ 
fip.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս