Եթե երեկվա օրը սխալմունք է եղել, ապա վաղն այն ուղղելու հնարավորությունն է
Ժամանակը հավերժություն է, իսկ կյանքը՝ անցողիկ ակնթարթ: Բնության կողմից մեզ տրված է որոշակի ժամանակ և բազմաթիվ անելիքներ, որոնցով իմաստավորում ենք մեր կյանքը: Հետաքրքիր է, որ այսպիսի պայմաններում մարդկանցից շատերը հաճախ ձանձրույթ են զգում: Իրականում, մեր կյանքում տեղ գտած ձանձրույթի և միապաղաղության պատճառը անգործությունն է:
Ես միշտ մտածում եմ, որ բախտավոր են ոչ թե այն մարդիկ, որոնց կյանքում ամեն ինչ կատարյալ է, այլ նրանք, ովքեր նրանում տեսնում են լուսավորն ու բարին: Աշխարհում ամեն բան դառնում է գեղեցիկ, երբ բնության և աշխարհի հանդեպ հիացմունքն ուղեկցում է քեզ:
Որքան հաճելի է արթնանալ ժպիտով և վայելել ապրելու ազատությունը, որը մեզ շնորհել է Աստված: Նա, ով շարունակ մտածում և խոսում է իր խնդիրների մասին, երբեք չի իմանա թե որքան հաճելի է անհոգությունը: Իրականում, կյանքը թեթևացնելու լավագույն եղանակը այն չծանրացնելու մեջ է: Պետք է փորձել ապրել այնպես, որ ուրիշների կյանքը քեզ երբեք չհետաքրքրի և ոչ էլ ուրիշներին մեղավոր դարձնել սեփական ձախողումների մեջ:
Մարդու հաջողությունները պայմանավորված են առաջնային գործերը երկրորդայինից տարբերելու ունակությամբ: Միայն կարևորի վրա կենտրոնանալով կարելի է թողնել երկրորդային անելիքները: Մարդկանցից շատերը պայքարում են հաջողության հասնելու համար, իսկ մյուսները հանձնվում են ձախողումների դառնությունից: Կյանքում շատ դժվար է պատրաստի ինչ-որ բան գտնել, քանի որ մարդ ծնված է ստեղծելու և արարելու համար: Նա, ով շարունակ սպասում է երջանիկ պատահականությունների, երբեք չի օգտագործի իրական հնարավորությունները: Մենք պետք է վստահենք մեր ուժերին, նույնիսկ այն ժամանակ, երբ հավատը փորձում է լքել մեզ:
Անհնար է վերադարձնել անցյալը, սակայն միշտ կարելի է մտածել լուսավոր ապագայի մասին: Եթե երեկվա օրը սխալմունք է եղել, ապա վաղն այն ուղղելու հնարավորությունն է: Ինձ համար կարողանալ նշանակում է ՝ ունենալ վեհ և գեղեցիկ երազանքներ, որոնք կվերածվեն հստակ նպատակների: Իվերջո կատարել այնպիսի քայլեր, որոնք մեծ համարձակություն և ուժ են պահանջում, մշտապես պայքարի մեջ մտնել սեփական անձի հետ և հաղթել ինքդ քեզ:
Մարիետտա Խաչատրյան
qahana.am