«Այսօր մենք համոզվեցինք, որ օրենքը բոլորի համար հավասար չի կիրառվում». Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Այսօր «Բաց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի մոտ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն անցկացրեց ինքնաբուխ ակցիա՝ ընդդեմ հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանի և Հայաստանում հիմնադրամի գործունեությանը։

Մինչև ակցիայի մասնակիցների հավաքվելը, ոստիկանների մի խումբ արդեն փակել էր հիմնադրրամի գրասենյակի մուտքը, որպեսզի թույլ չտային ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին։ Դրա հետևանքով նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ Նարեկ Մալյանի և ոստիկանների միջև։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի հորդորով արգելափակվեցին բոլոր դատարանների ելքերը, որևէ ոստիկան նման ջանասիրություն չցուցաբերեց և չմիջամտեց դատարանների արգելափակմանը։

«Այստեղ ոստիկանությունը միջամտեց և ըստ էության օրենքով սահմանված իր գործառույթներն է իրականացնում, քանի որ մեր օրենսդրությունը ոչ միայն Նարեկ Մալյանի, այլև բոլորի համար արգելում է շենքերի արգելափակումը։ Բայց այստեղից հետևություն ենք անում, որ 11 օր առաջ մեր ոստիկանությունը կարող էր թույլ չտալ, որպեսզի դատարանների շենքերն արգելափակվեն, և չիրականացրեց իր պարտականությունները»,- ասաց Ռ. Մելիքյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ակցիային, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այն ունի քաղաքական բովանդակություն, որին չի ցանկանում գնահատականներ տալ։

Նա նաև հավելեց, որ եկել է ոչ թե մասնակցելու ակցիային, այլ հետևելու, թե ինչպիսի գործողությունների է դիմում ոստիկանությունը, որոնց այդքան մեծ թվով 11 օր առաջ չի տեսել դատարանների մուտքերն արգելափակելու ժամանակ։

«Եթե օրենսդրությունը թույլ չի տալիս շենքեր արգելափակելու, ինչո՞ւ մեր ոստիկանությունը 11 օր առաջ նույն գործողությունները չէր իրականացնում, ինչ-որ բա՞ն է փոխվել այս օրերին, թե՞ դա պարզապես մեր իշխող ուժի հրահանգն էր, և ոստիկանությունն անզոր էր դա իրականացնել։ Ինչպես մեր վարչապետն է նշում՝ օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի, այսօր մենք համոզվեցինք, որ օրենքը բոլորի համար հավասար չի կիրառվում»,- եզրափակեց Ռ. Մելիքյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս