«Ծիծաղելի է, որ մինչև հիմա Հայաստանում ամեն ինչ կարելի էր արգելափակել, բացի «Սորոսի» հիմնադրամից». Նարեկ Մալյան

«Բաց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի մոտ Նարեկ Մալյանի գլխավորությամբ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն այսօր ինքնաբուխ ակցիա իրականացրեց՝ ընդդեմ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լարիսա Մինասյանի։

Մինչև ակցիայի մասնակիցների հավաքվելը, ոստիկաններն արդեն տեղում փակել էին հիմնադրամի գրասենյակ տանող ճանապարհը։ Չնայած Նարեկ Մալյանը բազմաթիվ փորձեր արեց գրասենյակ մտնելու համար, նույնիսկ ոստիկանների հետ քաշքշուկ տեղի ունեցավ, սակայն նրա բոլոր փորձերն անհաջող անցան։

Լրագրողների հետ զրույցում Ն. Մալյանն ասաց, որ սկսել են քաղաքական քննարկումների օրակարգ՝ օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարելու համար՝ պայքարը քաղաքական է և արդեն կրում է օրհասական բնույթ։

Կարդացեք նաև

«Լարիսա Մինասյանն իմ դեմ երեկ դիմել է ոստիկանություն, չգիտեմ ինչու, մանրամասներին տեղյակ չեմ։ Ինձ կանչել էին ոստիկանություն, չկարողացա գնալ, քանի որ այս ժամին ինքնաբուխ հավաքի էի այստեղ։ Ոստիկաններին հանել, բերել են «Սորոսի» գրասենյակի դիմաց, որ «Սորոսի» գլխից հանկարծ մազ չպակասի։ Երբ իշխող կուսակցության քմահաճույքով փակում են Ազգային ժողովը, ԱԺ պատգամավորներին պարտադրվում է որոշումներ կայացնել, վերջերս էլ տեսանք, թե ինչպես դատական իշխանության գործունեությունը հիստերիկ կոչերով պարալիզացվեց։ Իսկ ոստիկանությունն այդ ընթացքում զբաղված էր ոչ թե սահմանադրական կարգի վերականգնմամբ, այլ մաքրում էր տարածքը, որպեսզի դատարանների դիմաց կանգնած ցուցարարներն ավելի անկաշկանդ լինեն»,- ասաց Նարեկ Մալյանը։

Նա տեղեկացրեց, որ եկել է «Սորոսի» գրասենյակի մոտ, որպեսզի արգելափակի նրա աշխատանքները, այսինքն՝ անի այն ամենը, ինչի համար այսօր մարդիկ սովորաբար պարգևատրվում են։

Ըստ նրա, հայաստանյան այսօրվա իշխանությունները «Սորոսից» վախեցած են։

«Իշխանությունները, հանձինս Նիկոլ Փաշինյանի, գտնվում են «Սորոսի» իշխանության տակ, կատարում են նրա հրահանգները, սա էլ՝ ապացույց, որ ոստիկաններին Նիկոլ Փաշինյանի հրահանգով են բերել։ Շատ հետաքրքիր է, որ տարիներ շարունակ ոստիկանությանը ցեխոտած Լարիսա Մինասյանն այսօր ապավինում է հենց ոստիկանությանը։ Ծիծաղելի է, որ մինչև հիմա Հայաստանում ամեն ինչ կարելի էր արգելափակել, բացի «Սորոսի» հիմնադրամից, կարծես այս որջը մեր սրբության սրբոցն է։ Եթե իմ ճանապարհը չբացեն, ամեն ինչ անելու եմ, Լարիսային էլ խորհուրդ կտամ լիքը «վալերիանկա» առնել, իսկ հավաքվածներին՝ կծու չիպսեր և Կոկա-կոլա, քանի որ այսօր շատ ուրախ է լինելու»,- շեշտեց Ն. Մալյանը։

Նշենք, որ մի քանի ժամ տևած ակցիայից հետո Նարեկ Մալյանը հայտարարեց, որ ակցիայի այսօրվա փուլն ավարտված է, իսկ հաջորդ փուլերի մասին լրացուցիչ կտեղեկացնի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս