«Սխալ է տեղի ունենում, որը վնաս է և՛ մեր պետությանը, և՛ մեր ինստիտուտին». ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ղեկավարը՝ կառավարության որոշման մասին
ՀՀ կառավարությունը մարտի 29-ին հրապարակել է 334-Ա որոշումը, որով ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաները պետք է տեղափոխվեն, և ներկայիս տարածքը տրվի մասնավոր ընկերություններին:
Ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանի փոխանցմամբ՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում երկու լաբորատորիա է աշխատում: Կա նաև միջազգային պայմանագրով աշխատող հետազոտական խումբ, որոնց համար անհրաժեշտ պայմանները ստեղծվել են միջազգային պայմանագրի գումարներով: Նախքան այս որոշումը հանդիպել են կառավարության ներկայացուցիչներին, խոստացել են, որ հանձնաժողով կլինի, որը մինչև վերջ նորմալ չի աշխատել:
«Այս ընթացքում ընդհանրապես քննարկումներ չեն եղել, ստորագրված է որոշում, որ տարածքը պետք է տրվի «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզին», իսկ մենք դեմ ենք: Վաղն այս հարցը կքննարկվի Հանրային խորհրդում: Ճիշտ է, Կառավարությունը որոշումն ընդունել է, բայց մենք դեռ փորձում ենք հասկացնել, որ սխալ է տեղի ունենում, որը վնաս է և՛ մեր պետությանը, և՛ մեր ինստիտուտին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Թոփուզյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենց առաջարկը մեկն է լինելու. այդ ընկերությանը բազում այլ ազատ տեղերից մեկը հատկացնել:
«Շատ ազատ տարածքներ կան, թող գնան, ինչո՞ւ են ուզում աշխատող համակարգի հաշվին ինչ-որ ներդրողի ընդլայնման հնարավորություն տալ: Թող գնա ուրիշ տեղ ներդրում անի՝ առանց խանգարելու աշխատող համակարգին»,- նշեց Վիգեն Թոփուզյանը:
Ինստիտուտի ղեկավարը նկատեց. «Լաբորատորիայի տեղափոխությունը 6-8 ամսվա քրտնաջան աշխատանք է պահանջում: Քիմիական լաբորատորիայում 300-400 տարբեր սրվակներ կարող եք տեսնել: Սա օֆիս չէ, որտեղ երկու աթոռ ու սեղան կա: Լուծիչներ կան, որոնց տեղափոխումը շատ զգույշ պետք է արվի: Չես կարող վստահել ապրանք տեղափոխող որևէ մարդու, չես կարող լցնել մի բեռնատար, ու տանես, վերջացնես: Այս ամբողջը մնալու է քիմիկոսի վրա»:
Ավելի վաղ պարոն Թոփուզյանը հայտնել էր, որ «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզը» իրենց մասնաշենքերից մեկի 3-րդ հարկում է, հիմա նույնպես աշխատում են:
«Այդ փոքր տեղը, որ տվել էինք, ամբողջությամբ առաջին մասնաշենքի 3-րդ հարկն է: Դա տվեցինք 4 տարի առաջ, քանի որ Էկոնոմիկայի նախարարությունից էին շատ խնդրել: Ասում էին՝ մարդ է եկել, ուզում է ներդրումներ կատարել, իրենց կանաչ ճանապարհ տվեք: Տարբեր առաջարկներ արեցինք. օրինակ՝ Քանաքեռում մեծ տեղ կար, կարող էին այնտեղ գնալ, իրենք պնդեցին, որ այստեղ են ուզում, ասեցինք՝ լավ:
Մի հարկը դատարկեցինք, մի քիչ խտացանք, ասեցինք՝ թող աշխատեն: Ինչ վերաբերում է «Արրատա» ընկերությանը, ապա նրանք արտադրական հատվածում մի փոքր տեղ էին խնդրել, տվել էինք: Հետո մեզ նեղացրին, հողակտոր վերցրին, որտեղ մի շենք ունեինք, ուզում էինք դա կարգի բերել, բայց երբ որ մեր ձեռքից գնաց, իրենց ասացինք, որ արտադրական հատվածում գործ ունենք, ու DITILIN (մկանային ռելաքսանտ) արտադրության սարքավորումները բերեցինք, քանի որ Ուկրաինայից պատվեր ունեինք:
Ուկրաինացիները եկան, տեսան, հիմա իրենց մոտ գրանցում են կատարում, որ պատվիրեն: Այսօր մենք շատ հիվանդությունների, օրինակ՝ լյարդի ցիռոզի բուժման համար դեղ ենք ստեղծում: Մեր արտադրանքը կարող եք դեղատներում գտնել: Մեր դեղերի հումքը ոչ թե դրսից է բերվում, այլ մենք ենք ստեղծում: Մեզ վրա հոգս ենք վերցրել՝ առանց պետական աջակցության՝ հիվանդին դեղ ենք հասցնում: Էլ ի՞նչ անենք այս երկրի համար»,- մանրամասնեց Վիգեն Թոփուզյանը:
Կապ էինք հաստատել նաև «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» ընկերության հետ: Փոխտնօրեն Քրիստինե Գևորգյանը հաղորդեց, որ իրենց 2014թ. հատկացվել է առաջին մասնաշենքի
3-րդ հարկը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրինությունն էլ տվել է իր համաձայնությունը, և աջակցել են, որ լաբորատորիան բացեն հենց այդ մասնաշենքում և հարկում:
«Ոչ միայն տեղյակ են եղել այս մասին, այլև եղել է պայմանագիր, փոխըմբռնման հուշագիր, որտեղ հստակ գրված էր, որ սկզբում լինելու է գիտահետազոտական լաբորատորիա, ապա՝ կիլոլաբ և արտադրություն: Չի կարող նույն օրգանիզմը տարբեր տեղերում աշխատել: Հիմա գնում է նորմալ գործընթաց, այն, ինչ խոստացվել է ընկերության կողմից՝ շարունակել ներդրումները»,- ասաց Քրիստինե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ 2007թ. ՀՀ ԳԱԱ օպտիմալացման գործընթացի շրջանակներում երեք կազմակերպությունների միավորմամբ (Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Օրգանական քիմիայի ինստիտուտ և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն) ստեղծվել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը: Կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշման նախագիծ կար, համաձայն որի՝ ցանկանում էին կենտրոնի շինություններից մի քանիսը վերցնել և վարձակալությամբ տրամադրել մասնավոր «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» և «Արրատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին: Այս պահին որոշման նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից, և այն պետք է լրամշակվի հավելյալ քննարկումների արդյունքում:
Անի Կարապետյան