«Մինչև չխաղաղվեք՝ ներդրումներ չեն արվի». Սփյուռքահայերը սպասողական վիճակում են
Էներգետիկայի և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը կարծում է, որ հանքարդյունաբերության, էներգետիկայի և գյուղատնտեսության ուղղությամբ պետական քաղաքականություն չի կատարվում:
«Չնայած հայտարարվել է տնտեսական հեղափոխության մասին, բայց օրակարգ չկա: Ի՞նչ փոփոխություններ ենք առաջարկում տնտեսական ոլորտում, միայն կոռուպցիայի դեմ պայքարելով սա հնարավոր չէ լուծել: Ներդրումների ներգրավման առումով ի՞նչ քաղաքականություն է տարվում: Սփյուռքահայերի հետ եմ հանդիպել, բոլորը սպասողական վիճակում են, ասում են՝ վիճակը շատ անհանգիստ է, մինչև չխաղաղվեք՝ ներդրումներ չեն արվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Մանվելյանը՝ կարևորելով հենց երկրի ներսում ներդրում կատարելը, բիզնեսմեններին շահագրգռելը և այլն:
«Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն էլ խոսեց գազի սակագնի մասին:
«Համաշխարհային գազի գներն աճել են 11 տոկոսով, և կառավարությունը փորձում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներսում օպտիմիզացիայի միջոցով հասնել նրան, որ գազի գինը սպառողի համար չբարձրանա, բայց ես կարծում եմ, որ այս ամռանը սակագինը բոլոր սպառողների համար կբարձրանա: Սա դիտարկում եմ երկու տեսանկյունից: Առաջինը՝ չեմ կարծում, որ հնարավոր են այնպիսի օպտիմիզացիաներ, որոնք լուրջ վնասներ չեն հասցնի այդ ընկերությանը: Տուժելու է գազի մատակարարումը: Ստացվում է, որ ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծելու այդ ընկերության համար: Ռիսկերի առջև ենք կանգնելու: Կարող է՝ նոր ներդրումներ չլինեն, եթե մեր կառավարությունը գնա լուրջ ճնշումների, որոնք նկատվել են հայտարարությունների, ճնշումների տեսքով»,- ասաց Արման Ղուկասյանը:
«Էներգետիկան շատ կարևոր է: Փնթի քաղաքականության արդյունքում գազի գինը բարձրացավ սահմանին: Գազի գինը քաղաքական գին է, որը ստանալու համար պետք է որոշակի քաղաքական հարաբերություններ ստեղծվի թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ «Գազպրոմի»: Մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, այս տարվանից սկսում է գործել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի սկզբունքը: Սա իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում, իշխանությունը պետք է հասկանա ու որոշակի քաղաքականություն վարի: 2021 թվականից գործելու է գազի ընդհանուր շուկան: Սա էլ է խնդիրներ պարունակում, պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք օգտվելու, ի՞նչ ռիսկեր են լինելու»,- հավելեց Արմեն Մանվելյանը:
Անի Կարապետյան