«Մի հպարտ և ամբարտավան քաղաքացի սպառնալիք հնչեցրեց՝ ուղղված Արցախի նախագահին, իսկ ոստիկանությունը լռեց». Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյանը գործող իշխանություններին կոչ է անում ճիշտ ճանապարհի վրա կանգնել և հրաժարվել բոլոր այն մեթոդներից, որոնք Հոկտեմբերյան հեղափոխության քայլերն են հիշեցնում։

«Հեղափոխություն էլ կա, հեղափոխություն էլ: Այս հեղափոխություններն իրարից շատ մեծ տարբերություն ունեն, ես ավելի շատ բարեփոխումների կողմնակից եմ եղել: Լավ է՝ ժողովրդի, Աստծո և իշխանությունների օգնությամբ անարյուն եղավ ամենը, բայց դա չի նշանակում, որ սրան պետք է հետևի ամբողջական ապաինստիտուցիոնալացումը: Մեր դատարաններն անձեռնմխելի են, ինչպես Հնդկաստանում կովը սուրբ է, այդպիսի սրբություն են նաև դատական իշխանությունները՝ արևմտյան արժեհամակարգում: Ամենակարևորը, Հայաստանում շարունակում է հասարակական գիտակցության հանդեպ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով շեղել ճշմարիտ ճանապարհից, որը հայտարարվել է հեղափոխության ժամանակ, այն է՝ արդարություն, ոչ կոռւպցիային, և այլն: Այս տեխնոլոգիաները վնաս են նաև իշխանությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Մենք լսեցինք, որ մի հպարտ և ամբարտավան քաղաքացի սպառնալիք հնչեցրեց՝ ուղղված Արցախի նախագահին: Նրան կանչեցին ոստիկանություն, և վերջ:  Ազատ արձակվելուց հետո այդ ամբարտավանը կրկնեց իր նախկին խոսքը, իսկ ոստիկանությունը լռեց (Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի և ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաք էին կազմակերպել, որի շրջանակում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հասցեին սպառնալիք էր հնչեցվել: Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում): Իրավապահ մարմիններն այսօր ամբողջովին տրված են՝ ես չգիտեմ, թե ինչին: Եթե նոր իշխանությունների ջատագովների հանրահավաքում դա է հնչում, ապա նոր իշխանությունը վտանգված է: Որևէ մի բան ինձ չի կարող համոզել, որ վաղը նույն անձը այլոց վերաբերյալ նույն բանը ոչ միայն չի կրկնելու, այլև չի անելու»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Հավելենք, որ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում խոսելով այս դեպքի մասին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր.

«Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետև տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ հենց այդ հայտարարություններից միանգամից հետո»:

Ինչ վերաբերում է բռնության կոչերին՝ նա ասել էր.

«Ղալաթ էին անում: Այսինքն՝ պետք է բանտարկվե՞ր, վճիռ է կայացվել դատարանի, որ անձը մեղավոր է, և պետք է դատապարտվի: Պետք է լինի համապատասխան քննություն, և այդ քննությունը ցույց կտա, թե արդյունքներն ինչ կլինի»:

Նա նաև ավելացրել էր, որ ինքը դավադրությունների տեսություններին չի հավատում:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս