
«Իշխանության քայլերն ավելի շուտ ամբոխի քմահաճույքների բավարարմանն են ուղղված». Ահարոն Ադիբեկյան

«Երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ արդյունքների ենք հասել վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ պարզվում է, որ դրանք մասշտաբային չեն, ունեն մակերեսային բնույթ և ավելի շուտ ամբոխի քմահաճույքների բավարարմանն են ուղղված, թե՝ տեսեք, սա ենք անում, նա ենք անում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ գնահատական տալու համար նայում են ՀՆԱ-ի աճին, զբաղվածությանը, գործազուրկների թվաքանակի կրճատմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը՝ օրինական դաշտում:
«Ժամանակին մենք հետազոտել ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 200 օրը և ցույց ենք տվել, թե ինչպե՞ս է նրա վարկանիշը փոփոխվում: Ասեմ, որ Քոչարյանի նախագահության շրջանում պետական բյուջեն աճեց 5 անգամ, ՀՆԱ-ն՝ 3, հասավ 15 միլիարդի, հետո, երբ ճգնաժամը սկսվեց՝ իջավ 10-12 միլիարդ: Սերժ Սարգսյանի օրոք, չնայած ճգնաժամ էր, այդ մակարդակը պահպանվեց: Հիմա ՀՆԱ-ի աճը միջազգային կառույցները գնահատում են 4 տոկոսի սահմանում: Չմոռանանք, որ մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի կեսից շատ է: Մենք պետք է նման պարտք կարողանանք տալ 5-6 միլիարդ դոլարով: Որտեղի՞ց պետք է տանք: Հայաստանում ներդրումների ծավալի կտրուկ աճ է անհրաժեշտ: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու պոպուլիստական քաղաքականությունն ուղղված է նրան, որ հարուստ երկրները կամ օգնեն, կամ ներդրումներ կատարեն: Եթե ՀՀ իշխանություններն էլ կարողանան ստեղծել ներդրումային դաշտ, գրավել ներդրողներին, ուրախալի կլինի, քանի որ կկրճատվի գործազրկությունը, կբարձրանան եկամուտները, աշխատավարձ-թոշակները»,- հավելեց նա:
«Հիմա մեզ մոտ դեռ ամեն ինչ անձնավորված է մնում: Վերցնենք դատական համակարգը: Անօրինականությունը կապում են դատավորի անձի հետ: Դա հետևանքն է, պատճառն ավելի համակարգային է»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է դատական համակարգում նախատեսվող փոփոխություններին՝ Ահարոն Ադիբեկյանն ասաց, թե շատ երկրներում դատավորներն իրենց միջոցներով քարոզարշավի են մասնակցում, և նրանց ընտրում են, ու նրանք հետո շատ են վախենում՝ եթե վատ դատեն, կաշառակեր դառնան, հաջորդ անգամ չեն ընտրի, որովհետև հանրությունն է դառնում վերահսկող:
«Մեզ մոտ հանրությունը խաղից դուրս է, դատավորին նշանակում, հաստատում է երկրի ղեկավարը»,- նշեց սոցիոլոգը:
Ինչ վերաբերում է ունեցվածքի հայտարարագրմանը, Ա.Ադիբեկյանը հին անեկդոտ հիշեց.
«Չեկիստները մտնում են ոսկերիչի մոտ ու ասում են՝ դու շատ փող ունես: Պատասխանում է, թե՝ հա, ունեմ, հարցնում են՝ որտեղի՞ց, ասում է, որ կինն է տալիս, կնոջը հարցնում են՝ որտեղի՞ց, պատասխանում է՝ դարակից: Հարցին, թե ո՞վ է տալիս, ասում է՝ ամուսինս: Էլի ամուսնուն են հարցնում, թե որտեղի՞ց, պատասխանում է, որ կինն է տվել: Այսինքն, եկամուտների հիման վրա եզրակացություն անել՝ կաշառակեր լինել-չլինելու համար, գուցե դա ճանապարհներից մեկն է, բայց ոչ միակը, որովհետև այստեղ կաշառակերության դեմ պատնեշ չի դրվում: Եթե պատնեշ լինի, այդ դեպքում ոչ մի կաշառակերություն չի լինի»:
Անի Կարապետյան