Փաշինյանը մասնակցել է Ղազախտանում տված պաշտոնական ճաշին, Պուտինի հետ հանդիպումը սպասվում է հունիսի 6-ին

Րոպեներ առաջ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց այն մասին, որ Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը   կտրուկ որոշել է  չեղարկել օրակարգում նախատեսված մյուս հանդիպումները, այդ թվում՝ հայ համայնքի գործարարների հետ, և  վերադառնալ Երևան:

Ավելին, ըստ լրատվամիջոցի, վարչապետը նույնիսկ հրաժարվել է մասնակացել ի պատիվ ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների նախատեսված պաշտոնական ճաշին:

Նշվում էր նաև, որ անսպասելի կարճ է տևել խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթը՝  ԶԼՄ-ների առաջ:
Վարչապետ Փաշինյանի հանկարծակի  որոշման հիմքում լրատվամիջոցն ակնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասված, բայց այդպես էլ չկայացած հանդիպումը:

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունը՝ ընդգծելով, որ մինչ այս պահն օրակարգում նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակից է եղել  և վարչապետը, և Հայաստանի պատվիրակությունը, այդ թվում՝ պաշտոնական ճաշին:

Վ. Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին ուղևորվում են դեպի Ղազախստանում Հայաստանի դեսպանատուն՝ հանդիպելու հայ համայնքի  գործարարների հետ:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտւինի հետ չկայացած հանդիպմանն ու դրան հետևած վարչապետի «դիսկոմֆորտին», Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հանդիպում ՌԴ նախագահի հետ չէր էլ ակնկալվում: Քիչ առաջ ռուսական լրատվամիջոցները տարածեցին ռուսական կողմի մեկնաբանությունը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման մասին:

Մասնավորապես, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»: Իսկ Պուտին-Փաշինյան հանդիպումը, ըստ Պեսկովի՝ սպասվում է հունիսի 6-8-ը կայանալիք Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ):  «Մնացած ղեկավարներին ես այժմ չեմ նշի, որովհետև դեռևս վերջնական հաստատումներ չկան»,- հավելել է Պեսկովը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգը» նշանաբանով: Հավելենք՝ միջազգային համաժողովի կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն է:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս