Մեծ Բրիտանիայում Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուների թիվը հասել է 11-ի
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հասել է 11-ի: Բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարին միացել է Brexit-ի գծով խորհրդարանական փոխնախարար Ջեյմս Քլեւեռլին: Այդ մասին մայիսի 29-ին հայտնել է Reuters գործակալությունը:
«Մեզ փոփոխություններ են անհրաժեշտ, եւ ես կջանամ հասնել վերափոխումների»,-հավաստիացրել է Քլեւեռլին բրիտանական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են տասը թորի քաղաքական գործիչներ: Նրանց թվում են՝ ֆավորիտ համարվող Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, գործող ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման հարցերի նախարար Ռորի Սթյուարթը, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախկին նախարար Էսթեր Մաքվին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի նախկին ղեկավար (խորհրդարանի ստորին պալատում բրիտանական կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմը, շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Գոուվը, թագավորության ՆԳ նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը եւ տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիտ Մալթհաուսը: Կուսակցության եւս մի քանի նշանավոր ներկայացուցիչներ դիտարկում են իրենց թեկնածուներն առաջադրելու հնարավորությունը:
Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին պաշտոնաթող կլինի ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալն իրագործելու անհնարինության պատճառով: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել նոր առաջնորդին: Այդ գործընթացը պետք է սկսվի հուլիսի 10-ին եւ ավարտվի հուլիսի երկրորդ կեսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: