Բաժիններ՝

«Պետությունը չի կարողանում թոշակները 1000 դրամով բարձրացնի, հիմա աշխատատե՞ղ է փակում». Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները փակել են Բաղրամյան փողոցը

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման դեմ իրենց բողոքն արտահայտելու համար բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց։

Նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահի հետ, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց պահանջը, այն է՝ այնպիսի տարբերակի քննարկում, որը երկու կողմերին էլ ձեռնտու կլինի, քանի որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շատերը կարող են դառնալ գործազուրկ, ավելին, ըստ ակցիայի մասնակիցների՝ նախագծի ընդունումը սպասարկում է նեղ անձնական շահեր, որը ոլորտում կձևավորի մենաշնորհ։

«Մի քանի ժամ է՝ արևի տակ ենք, այդքան արժանի՞ չենք, որ իջնեն մեզ հետ խոսեն»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները և փակեցին Բաղրամյան փողոցը՝ նշելով, որ կբացեն միայն այն ժամանակ, երբ ԱԺ նախագահը կամ նրա ներկայացուցիչն իրենց ընդունի։

«Մենք ուզում ենք աշխատենք, չենք ուզում մեր աշխատանքը փակեն, պատկերացնո՞ւմ եք, քանի միլիարդի ներդրում պետք է անեն, որ այսքան մարդու համար աշխատատեղ ապահովեն։ Յուրաքանչյուրս ունենք ուսանողներ, որոնց ուսման վարձ ենք վճարում, ընդ որում՝ աշխատավարձ ենք ստանում բանկային քարտով, սա ո՞ւմ է խանգարում։ Պետությունը չի կարողանում թոշակները 1000 դրամով բարձրացնի, հիմա աշխատատեղ է փակում»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ-ի աշխատակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ դժգոհեց, որ «Վիվառո» և մյուս բոլոր բուքմեյքերական ընկերություններին արտոնություններ են տալիս, բացի «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ-ից, որտե՞ղ է տրամաբանությունը։

«Սրա պատասխանը հարցրեք Ալեն Սիմոնյանից, չնայած սա պայմանավորված է մենաշնորհ ստեղծելով, որ մարդը փող աշխատի, մի քիչ էլ իրենց տա, որ «Ռենջ» առնեն, «գարաժը» կանգնեցնի»,- ասաց նա։

Նշենք, որ այս նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը,  Նաիրա Զոհրաբյանը և Սիփան Փաշինյանը։ Օրենքն ընդունվելուց հետո պետք է փակվեն բուքմեյքերական ընկերությունները, այն չի ներառում օնլայն ծառայությունները:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս