Բաժիններ՝

«Անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ՀՀ-ի սահմանին ունենալ գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ». Մհեր Գրիգորյան

Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդի կողմից հաստատված ծրագիրը դառնում է բոլորի համար Հայաստանի մակրոկայունությանը վերաբերվող հրապարակային կարևոր փաստաթուղթ: Այն հնարավորություն է տալիս մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի վարկ ստանալ առանց հավելյալ գործընթացների: Այս և այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրեսը» զրուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում ԱՄՆ-ում էիք, քննարկումների արդյունքում ի՞նչ կարևոր պայմանավորվածություններ եք ձեռք բերել:

– Այն ժամանակ, երբ դեռ Վաշինգտոնում էի Արժույթի միջազգային հիմնադրամի մեր համատեղ իրականացվելիք ծրագիրը քննարկման փուլում էր, ճշգրտումներ էինք կատարում: Մայիսի 17-ին ԱՄՀ-ն հաստատել է ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Դա տալիս է մակրոշոկերի դեպքում ցանկացած պահի վարկ ստանալու հնարավորություն՝ առանց հավելյալ գործընթացների: Վարկային միջոցները  դիտարկվելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն օգտագործվելու, քանի դեռ չկան շոկեր, որոնք կարող են առաջացնել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: Այս ծրագիրը դառնում է բոլորի համար մեր երկրի մակրոկայունությանը վերաբերվող հրապարակային կարևոր փաստաթուղթ:

Համաշխարհային բանկի հետ ևս քննարկումներ ունեցանք, և քանի որ Համաշխարհային բանկի խմբի «2019-2022թթ. Հայաստանի Հանրապետության երկրի գործընկերության շրջանակը» փաստաթուղթը հաստատվել էր մարտի 28-ին, քննարկումները ընթացան ծրագրերի իրականացման գործընթացների շուրջ։ ՀՀ կառավարության՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակների առաջմղմանը օգնելու նպատակով նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտներում՝ արտահանումը հնարավոր դարձնող գործոնների և ընկերությունների մրցունակության խթանում, մարդկային կապիտալի և հավասարության բարելավում, շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարում:

Գարնանային հանդիպումների շրջանակներում ԱՄՆ-ում հանդիպումներ ունեցանք նաև մի շարք գործընկերների և գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ և մտքեր փոխանակեցինք Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման և խորացման վերաբերյալ: Դա հարթակ է, որտեղ կարելի է խոսել հարաբերությունների խորացման և ընդլայնման մասին և որպեսզի պատկերացումներ կազմենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ծանոթանանք լավագույն փորձին:

Վերջերս Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում և որից հետո վարչապետ Փաշինյանը որպես գերակա ուղղություն համարեց նավթի, նավթամթերքի, էներգակիրների միասնական շուկայի ձևավորումը: Հաշվի առնելով, որ այդ հանդիպմանը նախորդել էր փոխվարչապետների հանդիպումը, ասացեք խնդրեմ,  արդյոք այս հարցերում կա՞ որևէ պայմանավորվածություն և ո՞րն եք համարում վարչապետների հանդիպման կարևորագույն ձեռքբերումները, նպատակադրումները:

-Հայաստանի համար ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու օրվանից առաջնահերթություն է եղել էներգառեսուրսների կայուն շուկայի ձևավորման նպաստող գործողություն անելը և ջանքեր գործադրելը: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է ԵԱՏՄ-ի զարգացման և ապագայի համար, այդ թվում նաև մեր մասնակցության տեսանկյունից: Եթե ԵԱՏՄ տարածքում չունենանք միասնական էներգետիկ ռեսուրսների գին, ապա միանգամից մրցակցության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կառաջանան, և մասնավորապես արտադրական հզորությունների մասով դոմինանտ կլինի ցածր գնի իմաստով այն երկիրը, որն ունի ցածր էներգառեսուրս: Դրա վերաբերյալ հաջողվեց տարբեր փաստաթղթերում պաշտոնական արձանագրումներ անել  և պայմանավորվածություններ ձեռք բերել՝ մասնավորապես ռազմավարական փաստաթղթերում:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ հաստատվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ու նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրերը։ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը հիմք կստեղծի գազի  գնագոյացման կանխատեսելի քաղաքականության իրականացման համար, կապահովի հուսալի, որակյալ գազի մատակարարում սպառողներին, կխթանի մրցակցության զարգացմանը, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգերի ոչ խտրական հասանելիությանը:

ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորումը  կբարձրացնի անդամ երկրների միջև  նավթի և նավթամթերքների առևտրի շուկայական մեխանիզմների արդյունավետությունը։ Կապահովի նավթի և նավթամթերքների բորսայական աճուրդներին ոչ խտրական հասանելիությունը տնտեսավարող սուբյեկտների համար, ինչպես նաև նվազագույնի կհասցվի նավթամթերքների մատակարման, փոխադրման տեխնիկական խոչընդոտները: Այս միջոցառումների իրականացումը բարենպաստ պայմաններ կստեղծի ԵԱՏՄ տարածքում ապրանքների մրցունակության և տնտեսության զարգացման համար:

Ապրիլի 29-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման հարցը: Դրա վերաբերյալ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին: ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորումը կնպաստի անդամ երկրների էներգետիկ անվտանգության բարձրացմանը, փոխշահավետ համագործակցության խորացմանը, բարեխիղճ մրցակցության ապահովմանը, հստակ  և թափանցիկ մեխանիզմներ կսահմանի էլեկտրաէներգիայի գնագոյացման նպատակով: Բացի այդ պայմաններ կստեղծի անդամ երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրի, սեզոնային փոխհոսքերի, արտահանման և ներմուծման, տարանցման համար:

Ապրիլի սկզբին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ եղե՞լ է արդյոք գազի գնին: Ավելի վաղ նշվել էր, որ հանձնաժողովի նիստին հայկական կողմը կբարձրացնի նաև սահմանին գազի գինը միայն մեկ տարվա համար ֆիքսելու ավանդույթը վերացնելու հարցը: Այս առումով հաջողվե՞լ է արդյոք պայմանավորվածություն ձեռք բերել:

-Այդ հարցը պաշտոնապես արձանագրված է որպես խնդիր: Մեկ տարվա կտրվածքով գազի գին ամրագրելը մեզ համար անընդունելի տարբերակ է: Ըստ էության ոչ միայն սովորական սպառողը, այլ նաև տնտեսությունը, առավել ևս նոր ներդրողը չի կարողանում ադապտացվել դրան: Այս տարվա ապրիլի 4-ին կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան բնական գազի մատակարարման հարցին և արձանագրվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ:

 Հանձնաժողովի նիստում հանձնարարականներ ամրագրվեցին ոլորտային նախարարներին՝ բանակցություններ սկսել մոդելի շուրջ, պայմանավորվել գնի որոշման մի ալգորիթմ, որը հնարավորություն կտա գազի գինը սահմանին որոշել երկար ժամանակով,այսինքն` ռուսական կողմը նույնպես ընդունել է խնդրի կարևորությունը:

-Այս տարի ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնել է Հայաստանը, ի՞նչ նախաձեռնություններով ենք պատրաստվում հանդես գալ:

-Համախառն մաքսատուրքերի հավաքած գումարի բաշխումը մեզ համար շատ կարևոր հարց է:  Մենք պնդում ենք, որ Հայաստանին հատկացվող մասնաբաժնի չափի որոշման ցուցիչը լինի կոնստանտ, այլ ոչ թե հաշվարկվի օբյեկտիվ ցուցանիշներից ելնելով: Մենք պնդում ենք, որ Հայաստանը պետք է ստանա 1.22 տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որքան է հավաքագրվել ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջե: Բաշխման սխեման պետք է որոշ մասնակից երկրների համար կոնստանտ սկզբունքով որոշվի և մենք սա շարունակելու ենք պնդել:

Մի շարք նախաձեռնություններ ունենք նաև փաստաթղթերի ստանդարտիզացման հետ կապված: Սա շատ կարևոր խնդիր է, որը միշտ մեր ուշադրության կենտրոնում է: Մինչ թվային օրակարգի իրագործումը, մենք նախաձեռնում ենք, որ շտկվեն խնդիրները ստանդարտիզացման հետ կապված: Դա տնտեսավարողների համար կպարզեցնի գործընթացներ և կնվազեցնի ծախսեր: Մենք նախաձեռնել և լուծել ենք նաև էլեկտրոնային ստորագրության խնդիրը: Արձանագրել ենք նաև այլ կարևոր առաջնահերթություններ՝ ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը և դիվերսիֆիկացումը, Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումը, նորմատիվ-իրավական բազայի բարելավումը՝ ի նպաստ արդար մրցակցության, միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը և այլն:

-Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր, ստանձնել է պարտավորությունների շարք՝ մաքսատուրքերի ձևով: Պատրաստվո՞ւմ է արդյոք հայկական կողմը վերաբանակցություններ վարել որոշ ապրանքատեսակների բարձրացված մաքսատուրքերի շուրջ: Հանձնաժողովի նիստին այս թեմային ինչ-որ կերպ անդրադարձ եղե՞լ է:

– Ֆորմալ իմաստով, դեռ ոչ, քանի որ նախապես անհրաժեշտ է դրանք մանրամասն և բազմակողմանի քննարկել: ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի վերաբերյալ վերաբանակցություններ վարելու առնչությամբ նշեմ, որ հնարավոր է, որ հայկական կողմը համապատասխան առաջարկով դիմի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մարդատար և այլ շարժիչային տրանսպորտային միջոցների, ինչպես նաև չմշակված կամ կիսամշակված ոսկու և անմշակ ադամանդի մասով դրույքաչափերի կիրառման վերաբերյալ:

Սակայն տրանսպորտային միջոցների հարցը բավականին բարդ է, միանշանակ չէ, որ այդ արտոնությունը դրական ազդեցություն կունենա՝ սկսած բնապահպանական հետևանքներից, վերջացրած ճանապարհային երթևեկությունը կարգավորելուց:

Պետք է ծանր ու թեթև անենք դրական և բացասական կողմերը: Ոչ շուկայական ցանկացած արտոնություն միջամտություն է մասնավոր հատվածի գնագոյացման մեխանիզմներին, ինչը կարող է նաև բացասական էֆֆեկտ ունենալ: Երբ դու տալիս ես արտոնություն մասնավոր արտադրողին նշանակում է, որ վերջինս ավելի քիչ ջանք է գործադրելու իր զարգացման համար, քանի որ ենթադրաբար ինքն արդեն ունի արտոնյալ կերպով հումք գնելու հնարավորություն և նրա մրցակցայնությունը սկսում է կառավարել արտոնությանը:  Դա ուղղակի խոչընդոտ է իր իսկ զարգացման համար:

ԵԱՏՄ շուկայում առաջնային անհրաժեշտության ապրանքներ են արտադրվում, որոնք ներմուծվում են առանց մաքսատուրքի: Երրորդ երկրներից առաջնային անհրաժեշտության սպառման ապրանքների ներմուծման արտոնության անհրաժեշտություն դեպքում հնարավոր է դրա վերաբերյալ նախաձեռնել քննարկում, բայց պետք է կայացնել հստակ, հաշվարկված, գիտակցված և համապարփակ վերլուծված որոշում։

-Որքա՞ն է կազմել ԵԱՏՄ-ից մաքսատուրքերի մասով Հայաստանի մասնաբաժինը 2017 և 2018 թվականներին:

-ԵԱՏՄ երկրներից Հայաստանի բաշխված մասնաբաժինը ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերի մեջ 2017 թվականին կազմել է շուրջ 141 մլն ԱՄՆ դոլար, 2018 թվականին շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար:

– Սահմանին գազի գինը բարձրացնելուց հետո ներքին սպառողի համար գինը չբարձրացավ:  Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցություններ է վարում: Ի՞նչ փուլում են բանակցությունները, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել:

Բանակցությունները դեռևս շարունակվում են: Դրանք ընթանում են երկու ուղղությամբ: Առաջին խնդիրը սահմանին գազի գնի որոշման ալգորիթմն է, որն արդեն քննարկվում է միջնախարարական հարթակում: Երկրորդ խնդիրը՝ այս փուլում ռուսական կողմի հետ քննարկվում է Հայաստանի Հանրապետության՝ մինչև 2030 թվականի գազամատակարարման գլխավոր սխեման, որտեղ նախատեսված են նշված ժամանակահատվածում ներդրումների ծավալները, ուղղությունները, ինչպես նաև ներդրումներից ակնկալվող արդյունքները: Երկրորդ խնդիրը նույնպես բանակցային փուլում է:

Դա բազմաբաղադրիչ հարց է, որին մասնակից է ոչ միայն նախարարությունը, այլ նաև հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովը: Այսինքն` ինտենսիվ քննարկումներ են գնում բազմաթիվ տարրերի վերաբերյալ: Բանակցային կարևորագույն խնդիրը նաև այն է, որ անվտանգությունն ու համակարգի կայունությունն ապահովված լինեն, այսինքն՝ քննարկումների ենթակա բազմաթիվ դետալներ կան:

Որպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ խնդրում եմ ներկայացրեք ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների ընթացքը, ե՞րբ կունենանք հաստատված ճանապարհային քարտեզ:

-Ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը ամփոփվել և, հավանության  արժանանալով մայիսի 17-ին կայացած միջգերատեսչական հանձնաժողովի նիստին,և ներկայացվել է ԵՄ կողմին՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին հաստատելու նպատակով:  Ճանապարհային քարտեզի ձևավորումը բավականին ժամանակատար աշխատանք էր, քանի որ այն բազմաոլորտ փաստաթուղթ է:

Այդ ոլորտների անելիքները պետք է սինխրոնիզացված լինեին: Այն ենթադրում է շուրջ 200 միջոցառում, որոնք վերաբերում են երկրի զարգացման համար կարևոր ոլորտներին, ինչպիսիք են՝ արդարադատությունը, տրանսպորտը, էներգետիկան, բնապահպանությունը, սպառողների պաշտպանությունը և այլն: Ըստ էության աշխատանքներն ավարտել ենք, բայց դա առաջին փուլն է, որին հաջորդելու է այդ միջոցառումների ծրագրավորումն ու իրականացումը: Կարծում եմ, որ մեր ընդհանուր բարեփոխումների օրակարգում դրանք հաշվի առել ենք: Կառավարության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ փաստաթղթերում, ինչպես նաև մշակվողներում այդ քայլերն արտացոլված են: Մենք այդ գործընթացները տարել ենք զուգահեռ, այդ իսկ պատճառով դրանք թվացին ժամանակատար:

Ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումները մեր կյանքի որակը փոխող միջոցառումներ են, որոնք մեր երկիրը կդարձնեն բոլոր ոլորտներում եվրոպական երկրների ստանդարտներին համապատասխան երկիր: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեր բարեփոխումների օրակարգն է:

-Պարոն Գրիգորյան, վարչապետը 100 փաստի վերաբերյալ հայտնի ելույթի ժամանակ որպես առանձին կետ նշել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, մասնավորապես նշվել են 5 համաձայնագրեր և նոր ծրագրերի վերաբերյալ բանակցությունները: Խնդրում եմ մանրամասնել, թե նշված ծրագրերը իրականացման արդյունքում կարող է տալ քաղաքացիներին և ինչ նոր ծրագրեր կարող են առաջիկայում հաստատվել:

– Լինելու են տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր: Անցած մեկ տարվա ընթացքում ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակներում համաձայնեցվել և ընդունվել են 2017 և 2018 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի ներքո 5 ֆինանսավորման համաձայնագրեր՝ կայուն և համաչափ տնտեսական զարգացման, արդիական գյուղատնտեսության,նորարարական զբոսաշրջության, ստեղծարար արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ուղղություններով ՓՄՁ աջակցության, կրթության և արդարադատության համակարգի բարելավման ծրագրեր իրականացնելու համար` ընդհանուր 70 մլն. եվրո արժեքով: Մասնավորապես, այս ծրագրերի շրջանակներում նախատեսվում է առնվազն 200 նորարարական ձեռնարկությունների հիմնում կամ գործող ձեռնարկությունների ընդլայնում դրամաշնորհային ծրագրերի միջոցով, ինչպես նաև մոտ 2000 ՓՄՁ-ների մատչելի վարկային միջոցներով ֆինանսավորում:

Թումոյին կից կկառուցվի նոր կենտրոն` լաբորատորիայով, որտեղ ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղություններով բուհերից մոտ 2000 ուսանողներ գործնական փորձառություն կստանան իրենց կրթական ծրագրերի շրջանակում: Նույն ուղղություններում աշխատող ավելի քան 400 ուսուցիչներ կվերապատրաստվեն: Ամփոփման փուլում է գտնվում նաև 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված աջակցության փաթեթը, որը Եվրոպական կողմը ավելացրել է 25 մլն. եվրոյով և այն կկազմի 65 մլն.՝ գերազանցելով 2018 թվականի տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը շուրջ երկու անգամ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս