«Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ համագործակցության հարց օրակարգում մենք չունենք». Արթուր Խաչատրյան
«Երբ նայում ես կառավարության նշած 100 նվաճումները, իրոք, լրջանալու խնդիր կա»,- այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե հատկապես ի՞նչ նկատի ունեն ՀՅԴ ներկայացուցիչները՝ հայտնի՝ «լրջացեք» կոչով։
Ա. Խաչատրյանը մասնավորապես նկատեց, որ ամուսնալուծություններն ու ամուսնություններն իշխանության հետ կապ չունեն, իսկ թատրոն գնացած մարդկանց քանակն ու մարդկանց հագուկապը որպես նվաճում որակելը նա անլուրջ է համարում։
Լրագրողների խնդրանքով նա նաև մեկնաբանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե «իրենց դեղին քարտ է ցույց տալիս մի ուժ, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել»։
«Դա մի ուժ է, որը կերտել է Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մենք հիմա կանգնած ենք, որը գոյություն ունի 130 տարի, հետաքրքիր է՝ իր քաղաքական ուժը 3 տարի, 13 տարի հետո որտե՞ղ կլինի»,- արձագանքեց ՀՅԴ ԳՄ անդամը։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Դաշնակցության հնարավոր համագործակցության մասին հարցին` Արթուր Խաչատրյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն համագործակցության հարց օրակարգում չունեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան