«Ղալաթ են արել». Տիգրան Ավինյանը՝ Ազատության հրապարակում բռնության կոչեր հնչեցնողներին
Ապարանում Բաշ-Ապարանի 101 տոնակատարությանը մասնակցող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ մայիսի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հնչած բռնության կոչերին։
Փոխվարչապետի գնահատականը եղավ հակիրճ. «Ղալաթ են արել»:
Լրագրողի դիտարկմանը, թե այս դեպքով արդարացվա՞ծ է իրավապահ մարմինների անգործությունը՝ հաշվի առնելով, որ հայտարարություն հնչեցնողն ազատության մեջ է, Ավինյանը նկատեց, որ չի տեսել անգործություն, տեսել է կոնկրետ գործունեություն.
«Համապատասխան քննություն պետք է լինի, որը ցույց կտա՝ արդյունքներն ինչ կլինեն»։
Հիշեցնենք, որ հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն իր խոսքում հայտարարել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։
Անդրադառնալով դատական համակարգի շուրջ վերջին զարգացումներին՝ փոխվարչապետը նշեց. «Դատարանների և դատավորների, առհասարակ դատական համակարգի հետ կապված շատ անելիքներ ունենք, և Հայաստանում հասարակությունը չունի վստահության աստիճան, որը մեծագույն խնդիր է։ Նա նաև նկատեց, որ մեկ-երկու անձի հրաժարականը համակարգային բարեփոխումների չի բերում։
Լրագրողները Տ. Ավինյանից հետաքրքրվեցին նաև մամուլում առկա այն տեղեկության մասին, թե նա նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել։ Փոխվարչապետը հերքեց կուլիսային հանդիպումների մասին հիշյալ լուրերը։
Զարուհի Դիլանյան