«Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան». Նիկոլ Փաշինյան
Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 101-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, քաղաքական, հասարակական գործիչներ:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ այսօր հայ ժողովուրդը տոնում է հազարամյա պատմության ամենակարևոր իրադրաձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը։
«1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ Առաջին Հանրապետությունը։ Դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ այսօր կանգնած ենք սուրբ հողի վրա:
«Սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար»։
Իր խոսքում նա թվարկեց Առաջին Հանրապետության հայտնի քաղաքական գործիչներին և նշեց, որ նրանց սխրանքն ու գործն իզուր չի եղել, այժմ այդ սխրանքը տեր ունի, և այդ արարքներն են ոգեշնչել հետագա սերունդներին` պայքարելու ու պաշտպանելու հայրենի հողը. «Այդ սխրանքներով ոգեշնչված` մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնված ազգային միասնություն»։
«Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչված լինի ՀՀ յուրաքանչյուր պաշտոնյա, կառավարության անդամ թե ԱԺ պատգամավոր, համայնքի ղեկավար թե դատավոր, և պետք է հասկանա, որ ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան: Յուրաքանչյուր այսպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսների սխրանքներով ոգեշնչված՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնած ազգային միասնություն:
Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- իր ելույթում նշեց վարչապետը։
Զարուհի Դիլանյան