
ԱԱԾ-ն զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկատվության դեպքում կձեռնարկի անհրաժեշտ քայլերը

Զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկատվության դեպքում ԱԱԾ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Նման տեղեկությունների դեպքում մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կիրականացնենք, որ այդպիսի երևույթները չկրկնվեն»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում խոսեց «վեթինգի» մասին՝ ասելով, որ դատական համակարգը վիրահատական միջամտությունների կարիք ունի:
Իսկ մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը հանրապետության բոլոր դատարաններն առավոտյան ժամը 8:30-ից արգելափակելու կոչ արեց, իսկ ելույթից հետո հայտարարեց 13:30-ից դադարեցնել արգելափակումը:
«Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, «վեթինգի»: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,- հայտարարել էր Փաշինյանը: