Արարատի մարզպետի հովանավորյալ դոկտորը՝ Դատախազության թիրախում
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալ պաշտոնյաներից մեկի գործունեության վերաբերյալ Դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: Դատախազության թիրախում հայտնված անձը «Արտաշատի» բժշկական կենտրոնի (ԲԿ) նորանշանակ ղեկավար Հայկ Համբարձումյանն է, ում թևերով քայլարշավի օրերին ու դրանից հետո Գարիկ Սարգսյանը մշտապես կարողացել է հեղափոխական միջոցառումների համար պահանջված մասովկան ապահովել:
Առիթը՝ ԲԿ ղեկավարի գործունեության դրվագներից մեկի մասով կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքն է եղել: Ընդամենը մեկ ամիս առաջ այս պաշտոնում հաստատված Հայկ Համբարձումյանը, պարզվում է, ինքնուրույնաբար, օրենքի կոպիտ խախտումներով փորձել է պետական գույքի հաշվին եկամուտներ ստանալ: Խոսքը «Արտաշատի» ԲԿ-ի գլխավոր մասնաշենքում բացված բուժզննման կետի մասին է։ Հայկ Համբարձումյանն իր գլխավորած ԲԿ-ի առաջին հարկը զավթել է մարտ ամսից, բոլորովին նոր ձեռք բերված՝ 2019թ. արտադրության «Սիմենս» ապրանքանիշի համակարգչային տոմոգրաֆիայի սարք է տեղադրել, և որպես լրացուցիչ եկամտի աղբյուր՝ կողքից գումար է աշխատում:
Մարզպետի «լյուբիմչիկ» դոկտորի նորաստեղծ բիզնեսից հարկվող մասը, որոշ պնդումների համաձայն, հաճախ չի երևում կամ թաքցվում է անուղղակի ձևով, միայն այն պատճառով, որ մարզի բնակչությունն իրականում գլխի չի ընկել, որ պետական հիվանդանոցի շենքում գլխավոր բժիշկն իրականում իր անձնական բիզնեսն է ծաղկեցնում:
Նշենք, որ պետական հիվանդանոցի այս տարածքը, ըստ 168.am-ին փոխանցված տեղեկության, օգտագործվում է առանց թուղթ-թանաքի: Մարզպետի հովանավորյալն իր դիրքերն այնքան է ամրացրել, որ Նոր Հայաստանում ավելորդ է համարել պաշտոնական դիրքը չարաշահելիս՝ թեկուզ ձևի համար պետության հետ վարձակալության մի պայմանագիր կնքել:
Ավելին, հեղափոխությունից հետո նախկինների աշխատանքն անընդհատ փնովող, հանուն պետության ու հիվանդի արդարություն հորջորջող ԲԿ ղեկավարը, բացի այն, որ տոմոգրաֆիայի սարքի ապօրինի տեղադրումով պետական տարածքն է առանց վարձավճարի շահագործում, նաև իր անձնական բիզնեսի կոմունալ վարձերն է գցել պետության ուսերին:
Սյուզի Բադոյան