Եվրասկեպտիկների առաջընթաց՝ ԵՄ-ում․ ի՞նչ պետք է սպասի Հայաստանը

Աջակողմյան եվրասկեպտիկ ուժերն էապես ամրապնդում են իրենց դիրքերը Եվրոպական խորհրդարանում, եվրոպամետները՝ լրջորեն զիջում են, չնայած Եվրոպական միությունը պահպանելու կողմնակիցները նոր գումարվելիք խորհրդարանում ևս կունենան  մեծամասնություն։

Մայիսի 23-26-ը ԵՄ անդամ բոլոր երկրներում անցկացված ընտրությունների արդյունքում հաղթել է քրիստոնեա-դեմոկրատների բլոկը, որը Լիբերալների ու ժողովրդավարների ալյանսի, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատների հետ կկարողանա պահպանել մեծամասնությունը նոր գումարման խորհրդարանում։ Ներկայումս եվրոպագետներն ակտիվորեն քննարկում են, թե ինչպիսի կոալիցիա է ձևավորվելու և որ ուժերի միջև։

Ի դեպ, եթե քրիստոնեա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների պատգամավորական մանդատների թիվը կպակասի 80-ով, ապա Լիբերալների ու ժողովրդավարների ալյանսը 40-ով կավելացնի իր տեղերը գումարվելիք խորհրդարանում։ Կանաչներն իրենց ներկայությունը կավելացնեն 18 պատգամավորական մանդատով։

«Եվրոպան՝ հանուն ազատության ու ուղիղ դեմոկրատիայի» բլոկը, որի կազմում են եվրասկեպտիկ «Այլընտրանք Գերմանիայի համարը», իտալական «Հինգ աստղերի շարժում», բրիտանական Brexit կուսակցությունը, ավելացրել է 14 տեղ։ «Եվրոպա ազգերի և ազատությունների» բլոկը, որի մաս են կազմում ֆրանսիական «Ազգային  միավորումը», իտալական «Լիգան», հոլանդական Ազատության կուսակցությունը՝ 20 տեղ։ Ազգայնականներն ու եվրասկեպտիկները, ըստ Ռոյթերզ լրատվական գործակալության, կարողացան իրենց ներկայությունն ընդլայնել Ֆրանսիայում և Իտալիայում ստացած բարձր ցուցանիշների շնորհիվ։ Եվրախորհրդարանի այս կազմն աշխատելու է մինչև 2024 թվականը։

Եվրախորհրդարանը կիսելու է ԵՄ կառավարման իր լիազորությունները Եվրոպական խորհրդի հետ, ձևավորելու է բյուջետային հանձնաժողով, վերահսկելու է եվրահանձնաժողովի գործունեությունը։ Եվրախորհրդարան ամենաշատ պատգամավոր է ուղարկելու Գերմանիան (96՝  751-ից), Ֆրանսիան (74), Իտալիան ու Մեծ Բրիտանիան (73-ական՝ յուրաքանչյուր երկրից), Իսպանիան (54), Լեհաստանը (51)։ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջում դեռ շարունակում են թարմացվել ընտրությունների արդյունքները։

Համաեվրոպական եռօրյա ընտրությունների վերոնշյալ արդյունքներից Հայաստանի Հանրապետությանը պետք է հետաքրքրի այն քաղաքականությունը, որը կթելադրի նոր գումարվելիք խորհրդարանն Արևելյան հարևանության և, մասնավորապես, «Արևելյան գործընկերություն» ծրագրի ուղղությամբ, մի ծրագրի, որը վերջերս տոնեց իր տասնամյակը։ Ըստ մի շարք հեղինակավոր եվրոպագետների և եվրոպական ԶԼՄ-ների՝ Եվրոպական խորհրդարանի այն պատկերը, որն ուրվագծվում է այսօր, հուշում է եվրասկեպտիկ տրամադրությունների և միտումների խորացում։

Մեզ հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին դա Հայաստան-Վրաստան եվրոպական ձգտումների համար այդքան էլ դրական հանգամանք չորակեց։

Ըստ նրա՝ այս ընտրություններից առաջ բոլոր հարցումները կանխատեսում էին եվրասկեպտիկ տրամադրությունների ամրապնդում, չնայած առանց նույնիսկ հարցումների էլ՝ պարզ էր, որ վերջին տարիներին ԵՄ-ում կան նման տրամադրություններ, քանի որ բոլոր գործընթացներն այդ միտումների խորացման մասին էին փաստում։

Գոգոլաշվիլիի կարծիքով՝ այս ընտրությունների արդյունքներն այս տարածաշրջանի համար ուշագրավ էին հենց այդ կանխատեսումների ֆոնին, քանի որ խորհրդարանում այդ ուժերի ներկայացվածության ընդլայնումը նշանակում է ավելի ցածր հավակնոտ ծրագրեր ԱլԳ գոտում։

«Այսինքն՝ այս պատկերը նշանակում է, որ ավելի հավակնոտ ծրագրեր այս երկրներին չի առաջարկվելու այն դեպքում, երբ երկրներից ոմանք իրենց զարգացման ուղին կապել են եվրոպական կառույցների հետ, սակայն ԵՄ-ն, փաստորեն, նախկինում ևս այս ծրագրով հստակ հեռանկար չէր տրամադրում ԱլԳ երկրներին, վերջին տարիներին այդ ծրագիրը տրանսֆորմացվեց ինդիվիդուալ  երկկողմ համագործակցության վրա հիմնված ակնկալիքների վրա։

Կարծում եմ՝ մարտահրավերները, որոնք ուներ այս ծրագիրը, կպահպանվեն, գուցե փոքր-ինչ ավելի սրվեն, սակայն չի վերանա ընդհանրապես ԵՄ հետաքրքրությունն այս ծրագրի ուղղությամբ։ Կարծում եմ՝ ծրագիրը կշարունակի գոյություն ունենալ, գուցեև անակնկալներ մատուցի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա, ըստ նրա, դրամատիկ փոփոխություններ չեն լինի Հայաստանի համար, քանի որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ամեն դեպքում այնքան հավակնոտ չեն, օրինակ, ինչպես Վրաստանի և Ուկրաինայի դեպքում։

Գոգոլաշվիլիի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագիրը կիրականացվի, ավելի մտահոգիչ է վիզային դյուրացման բանակցություններում հաջողություններ արձանագրելու հարցը, որում կա և՛ հայկական, և՛ եվրոպական գործոն, և ԵՄ-ի կողմից այս հարցում պահանջները գուցե ավելի սուր դրվեն։

Գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտի կարծիքով՝ այս ընտրություններից հետո լուրջ բացասական ակնկալիքները՝ ԵՄ տապալում՝ տասնյակ տարիներ կամ մի քանի տարի անց, որոնք հիմնված են սոցհարցումների արդյունքների վրա, չափազանցված են։ Նա դա բացատրում է այն հանգամանքով, որ նախկին ուժերը պահպանում են իրենց  մեծամասնությունը, և մյուս կողմից՝ ընդհանուր առմամբ նախկին միտումները բոլոր ուղղություններով պահպանվելու են զգալի դիմադրությամբ։

Փորձագետի համոզմամբ՝ ավելի էական է լինելու ԱՄՆ ազդեցությունը՝ ԵՄ-ի նկատմամբ կրճատելու ցանկություն ունեցող ուժերի ազդեցությունը և այդ ուղղությամբ ջանքեր կլինեն։

Նրա կարծիքով՝ զուգահեռաբար՝ որևէ փոփոխություն չի լինելու ընդլայնման քաղաքականության հարցում, այսինքն՝ կրկին չի տրվելու անդամակցության հեռանկար այն երկրներին, որոնք դա ցանկանում են և շարժվում են այդ ուղղությամբ. այս հարցում եվրասկեպտիկների ազդեցություն ակնկալվում է։

«Մենք մշտապես ասել ենք, որ առանձին երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացը, ապա՝ ԵԽ-ի կողմից նույն գործընթացը, մի փոքր կուշանա այս ամենի արդյունքում, և առավել ակտիվ ընթացքի մեջ կհայտնվի աշնան ամիսներից սկսած, բայց էական փոփոխություններ չեն լինի, քանի որ դա երկկողմ համագործակցության  համաձայնագիր է, բարդությունների այս ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանից չեմ ակնկալում։

Կարծում եմ՝ խորհրդարանի այս պատկերն արտացոլվելու է արտաքին քաղաքականության գլոբալ ուղղություններով։ ԱլԳ երկրների համար կարևոր պետք է լինի, թե ինչպիսին են լինելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ այդ հարաբերություններով է պայմանավորված ԱլԳ երկրների համագործակցության և հավակնությունների մակարդակը ԵՄ-ի ուղղությամբ:

Մասնավորապես՝ Հայաստանի, որը չնայած իր ինտեգրացիոն վեկտորի, ԱլԳ-ից ստանում է ավելին, քան, օրինակ, Ուկրաինան և Վրաստանն իրենց հավակնություններին համապատասխան։ Շատ հարցեր կան, որոնց ԱլԳ-ն պատասխան չի կարողանում տա,լ և այդ հարցերը քննարկվեցին վերջերս ԱլԳ տասնամյակի միջոցառումների առիթով։ Կարծում եմ՝ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն և վերանայվեն, և դա հասկանում են ԵԽ-ում ներկայացված բոլոր ուժերը»,- ասաց Ստյուարտը։

Վիզային դյուրացման բանակցությունների հարցով վրացի և եվրոպացի փորձագետների դիրքորոշումները համընկնում են։ Ըստ գերմանացի քաղաքագետի՝ այդ երկխոսությունը մեկնարկից հետո մի փոքր կարող է երկարաձգվել, քանի որ դրան պատրաստ չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն։

Տեսանյութեր

Լրահոս