«Երկու հայկական պետությունների ժողովուրդների միջև լարվածություն չկա և չի կարող լինել». Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք»  հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։

Ասուլիսին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

«168 Ժամ» թերթի 2-րդ հարցը՝ Աննա Հակոբյանին։

– Դուք մի կողմից՝ իրականացնում եք «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությունը, բայց մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում հայաստանցի-արցախցի ժողովուրդների միջև, այսպես ասած, ներքին տարաձայնություն կա։ Վերջին թարմ կոչը հնչեց կարծեմ Ազատության հրապարակից, արցախցի ղեկավարների գլուխը քարով ջարդելու կոչ արվեց։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին, և եթե հայկական երկու պետությունների ժողովուրդների միջև այսպիսի լարվածություն լինի, արդյո՞ք Ձեր նախաձեռնությունն անհաջողությամբ չի պսակվի։

– Նախ երկու հայկական պետությունների ժողովուրդների միջև լարվածություն չկա և չի կարող լինել, և այն, ինչ մասին Դուք խոսում եք, առաջին անգամ չէ, որ մենք ականատես ենք լինում, և դժբախտաբար, պետք է անցնենք, հաղթահարենք այդ երևույթները։ Դա քաղաքական ինչ-որ ենթատեքստ ունեցող և շատ փոքր շերտ ներառող երևույթ է։

Ազատության հրապարակում, որքան գիտեմ, վերնագրերի մակարդակով եմ տեղյակ, և եթե չեմ սխալվում, նույն այդ անձը պատասխանատվության է կանչվել իր հայտարարության, բռնության կոչի համար։ Սա երևույթ է, որը երբևէ չպետք է խորանալու… այսինքն՝ նույնիսկ ես դրա մեջ վտանգ էլ չեմ տեսնում։

Հիշում եք, եթե մենք մեր հիշողությունը լարենք, կտեսնենք, որ վերջին 20 տարում պարբերաբար ինչ-որ մի անհատի նկատմամբ վերաբերմունքի պատճառով փորձ է արվել ընդհանրացնել այդ վերաբերմունքը, այսպես ասած, հայտնի սեպ խրելու գործընթացներ սկսել, բայց երբևէ դա հաջողություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ, որովհետև չկա հայաստանցի, արցախցի։ Նման բան գոյություն չունի։ Նման մտահոգություն չունեմ էլ, որ ձեր բուն հարցին հասնեմ, թե ինչ կլինի արշավի հետ։

Ուղղակի նման բան չի կարող լինել երբևէ։ Հիմա էսպես ինչ-որ իրավիճակ է, ինչ-որ երևույթների պատճառով բորբոքվել են կրքերը, նեղ շրջանակի մարդկանց կրքեր են բորբոքվել, դա ընդհանրապես ոչ մի կապ չունի ժողովրդի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս