«Չգիտեմ` ինչ նկատի ունի Սամվել Բաբայանը, բայց  ցանկացած հայտարարություն պետք է արվի այնպես, որ վիճահարույց խնդիրներ չստեղծի». Դավիթ Բաբայան

«Ըստ օրենքի՝ Պաշտպանության բանակի զինծառայողներն առհասարակ իրավունք չունեն անդամակցելու որևէ քաղաքական ուժի։ Իսկ իրավունք ունե՞ն քվեարկելու, իհարկե, որևէ մեկը նրանց չի կարող այդ իրավունքից զրկել։ Խոսքը վերաբերում է ծառայության մեջ գտնվող զինվորականներին, այլ ոչ թե արդեն թոշակի անցած մարդկանց։ Կարծում եմ՝ սա ամրագրված է նաև ՀՀ համապատասխան օրենքներում, նաև՝ այլ երկրների։ Սա է, այլ սահմանափակում ԶՈՒ ծառայողների մասով, որքանով տեղյակ եմ, չպետք է լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից տարածած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ս. Բաբայանի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ՊԲ -ն ցուցակագրել է բոլոր սպաներին,  նրանց պարտադրել  ստորագրել  մի հրամանի տակ,  որով Զինված ուժերում ծառայողներից  պահանջել է քաղաքական հարցերում պահպանել չեզոքություն:

«Ըստ այս հրամանի՝  նրանք իրավունք չունեն Արցախում մասնակցել  որևէ քաղաքական պրոցեսների, սակայն, սրա հետ միասին՝ նրանց զրկել են մասնակցել հանդիպումների, ստորագրահավաքների, ի դեպ, այն հանդիպումներին, որոնք քաղաքական բնույթ չեն կրում, ու այն ստորագրահավաքներին, որոնք ակնկալում են սահմանադրության փոփոխություններ։ Զինվորական սպան, բացի արտաքին թշնամու դեմ պայքարելուց, հանդիսանում է նաև այս երկրի անվտանգության երաշխավորը, ու եթե այս սպային, որը հանդիսանում է մեր երկրի քաղաքացին ու նրա օրենքների լիիրավ կրողն է,  դուք զրկում եք իր երկրի ներքին կյանքում սահմանադրությունով հաստատված քաղաքացու իր իրավունքները կիրառելուց, դուք արժեզրկում եք այն ուսադիրները, որոնք  նա կրում է այդ նույն երկրի անվտանգ կյանքն ապահովելու համար, դուք զրկում եք  սպային, զինվորականին  իր պաշտպանած ու պահպանած երկրում քաղաքացիական դիրքորոշում ունենալուց, դա օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությամբ նաև կոչ է արվել ՀՀ իշխանություններին՝ շեշտելով, որ առանց ՀՀ ՊՆ գիտության՝ ԱՀ ՊԲ-ն որևէ իրավասություն չունի հրամաններ կիրառելու. «Իսկ եթե որևէ մեկը կհայտարարի, որ սա չի համապատասխանում իրականությանը, մենք երևան կհանենք բավականին ծանրակշիռ փաստեր»:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում՝ առանց ՀՀ ՊՆ գիտության ԱՀ ՊԲ-ն որևէ իրավասություն չունի հրամաններ կիրառելու, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ չգիտի՝ ինչ նկատի ունի Սամվել Բաբայանը, բայց  ցանկացած հայտարարություն պետք է արվի այնպես, որ վիճահարույց խնդիրներ չստեղծի։

«Չգիտեմ, գուցե Սամվել Բաբայանն ասի, թե ինչ նկատի ունի։ Մենք ունենք Արցախի պաշտպանության բանակ, Հայաստանի հետ անվտանգության ոլորտում գտնվում ենք սերտ փոխգործակցության մեջ, այսքանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս