Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը հիմքեր չի տեսնում խոսելու Եվրախորհրդարանի ընտրություններում պոպուլիստների հաղթելու մասին

Եվրահանձնաժողովում ակներեւ են համարում եվրոպամետ ուժերի հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում, եւ հիմքեր չեն տեսնում խոսելու պոպուլիստների հաղթանակի մասին: Այդ մասին հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Ինչ վերաբերում է պոպուլիստներին, ես կասեի՝ ո՛չ, նրանք չեն շահել այս ընտրությունները: Ընդհանուր առմամբ հաղթել են եվրոպամետ ուժերը, այսինքն նրանք, ովքեր ցանկանում են աշխատել Եվրոպայում եւ Եվրոպայի համար, այլ ոչ թե նրանք, ովքեր ցանկանում են քանդել Եվրոպան»,-ասել է մամուլի քարտուղարը՝ ի պատասխան մայիսի 23-26-ին կայացած եվրոպական ընտրությունների արդյունքները մեկնաբանելու խնդրանքի:

«Այժմ մենք եվրոպամետ մեծամասնություն ուենք խորհրդարանում: Այս ընտրությունները ցույց են տալիս, որ եվրոպական դեմոկրատիան իրեն լավ է զգում, եւ այն ողջ է»,-հավելել է նա: 28 երկրներում ընտրությունների՝ մայիսի 27-ին ճշտված վերջին նախնական արդյունքների համաձայն, ԵԽ-ի առաջատար աջ կենտրոնամետ խմբակցությունը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, 2014 թվականի ընտրությունների համեմատ կորցնում է 36 պատգամավորական մանդատ:

Թվաքանակով երկրորդ խմբակցությունը՝ «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքը» կորցնում է 39 տեղ: Այդպիսով՝ ԵԽ-ի երկու գլխավոր ուժերն արդեն ի վիճակի չեն ապահովել 376 ձայնի կայուն մեծամասնությունը: Նրանք դա կարող են անել միայն՝ հենվելով համագործակցության վրա, օրինակ՝ «Հանուն Եվրոպայի լիբերալների ու դեմոկրատների միավորման» խմբակցության հետ, որն ընտրություններում հանդես է գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» շարժման հետ միությամբ, կամ Եվրախորհրդարանի այլ քաղաքական ուժերի հետ:

Իր հերթին «Ազգերի ու ազատությունների Եվրոպա» ծայրահեղ աջ պոպուլիստական ազգայնական խմբակցությունն ստանում է 58 ձայն, ինչը 22-ով ավելի է, քան նախորդ ընտրություններում: «Ազատության եւ ուղղակի ժողովրդավարության Եվրոպա» աջ պահպանողական եվրոսկեպտիկ խմբակցությանը բաժին կհասնի 54 տեղ: Այն 12 պատգամավորական աթոռ է շահում Եվրախորհրդարանի գործող կազմի համեմատությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս