
Լուվրը փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով

Փարիզյան Լուվրի աշխատակիցները մայիսի 27-ին գործադուլ են հայտարարել զբոսաշրջիկների՝ իրենց կարծիքով չափազանց մեծ հոսքի կապակցությամբ: Այդ մասին ասված է Twitter-ում թանգարանի հաղորդագրության մեջ:
Թանգարանի աշխատակիցների իրավունքները ներկայացնող արհմիության հայտարարության մեջ նշված է, որ վերջին տասը տարվա ընթացքում թանգարան զբոսաշրջիկների հոսքն աճել է 20 տոկոսով, իսկ աշխատակիցների թիվը, ընդհակառակը, նվազել է: Դրանում ասված է, որ թանգարանի աշխատակիցները «խեղդվում են» այցելուների մեծ հոսքից:
Արհմիության տվյալներով՝ 2018 թվականին Լուվր է այցելել ավելի քան 10 մլն մարդ: Լուվրը խոստացել է վերադարձնել այն այցելուների փողերը, որոնք վաղօրոք էին ամրագրել իրենց տոմսերը, բայց չեն կարողացել դրանցից օգտվել մայիսի 27-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: