Պետք է պահանջենք, որ ամեն ինչ ներկայացնեն, որևէ «կաբինետում» որոշում չընդունեն և հետո մեզ ասեն՝ կատարեք». Թևան Պողոսյան
«Հարցը պետք է ձևակերպել այսպես. արդյո՞ք մեր հանրությունն անքան ուժեղ է լինելու, որ թույլ չի տալու սխալ ձևով ներդնեն անցումային համակարգը։ Պահանջատեր կլինի՞, որպեսզի ներկայացնեն ռազմավարությունը, հայեցակարգը, գործողությունների ծրագիրը, կպահանջի՞ ապացուցեն, որ համակարգը ներդնելիս՝ հաշվի են առել հայկական առանձնահատկությունները, քանի որ անցումային արդարադատություն որ ասում են, տարբեր երկրների տարբեր օրինակներ ենք վերցնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանություններն այսօր ունե՞ն քաղաքական կամք անցումային արդարադատության վերաբերյալ գործընթացներն ավարտին հասցնելու համար։
Նրա խոսքով՝ ցանկացած բարեփոխում, որը տեղի է ունենում, պետք է անցնի հայկական ադապտացիայի մեխանիզմով։
Ըստ նրա՝ Հայաստանը լավագույն օրինակն է նախկինում եղած տարբեր բարեփոխումների, որոնք տեղի չեն ունեցել. կա՛մ շատ վատ են անցել, քանի որ շատ բաներ հաշվի չենք առել և փորձել ենք կրկնօրինակել, կա՛մ ամեն ինչ հաշվի ենք առել, և այդ բարեփոխումներն ունեցել են արդյունքներ։
«Եթե այս մեխանիզմներով պետք է առաջնորդվենք, ես պետք է ոչ թե իշխանություններին գնահատեմ՝ կամք կունենա՞ն, թե՞ ոչ, այլ ուրախ կլինեմ, եթե հասարակությունն այնքան պահանջատեր լինի, որ իշխանությունը գործի»,- ասաց Թ. Պողոսյանը։
Հարցին՝ հասարակության պահանջատեր լինելու առումով մտավախություններ ունե՞ք, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ մտավախություններ կան:
«Մենք պետք է պահանջենք, որպեսզի մեզ ամեն ինչ ներկայացնեն, որևէ «կաբինետում» որոշում չընդունեն և հետո մեզ ասեն՝ կատարեք։ Եթե մեկ անգամ խորհրդարանական լսումներ են կազմակերպել, որին մասնակցել են, օրինակ, 100 հոգի, դա չի նշանակում, որ պետք է սահմանափակվեն դրանով, այդպես 100-100 մարդու լսելով՝ կդառնան հազարները, սա մենք պետք է կարողանանք ընկալել։ Անցումային արդարադատության արդյունքը բոլորիս վրա ենք զգալու, եթե փոփոխություններ չենք զգալու, ապա այդ ամենի իմաստը ո՞րն է»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Դիտարկմանը, այսինքն՝ եթե իշխանություններն այս գործում չհաջողեն, մեղավորը հասարակությո՞ւնը կլինի, որը պահանջատեր չի եղել, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ պահանջատեր լինելն ու գործողություններ իրականացնելը տարբեր երևույթներ են:
«Սխալ անելուց, եթե մենք գիտակցում ենք սխալը և ուղղում այն, որևէ մեկին չենք մեղադրի։ Մեղադրանքները ձևավորվում են այնտեղ, որտեղ արված սխալները չեն ցանկանում ուղղել, սա է մեծագույն խնդիրը։ Նախընտրական ծրագրում խոստացել են իրականացնել այդ ծրագիրը, եթե չանեն, ապա հասարակությունը պետք է ասի, որ այլևս քվե չի տալու»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։
Զվարթ Խաչատրյան