Բաժիններ՝

Երբեք մի մոռացեք, որ ամբողջ տիեզերքը հոգ է տարել, որ դուք ծնվեք, ունենաք ապրելու և աճելու բոլոր պայմանները

«․․․ Հոգնել եմ ինքս ինձ այլոց հետ համեմատելուց։ Ամեն անգամ ինձ խոստանում եմ այլևս երբեք չհամեմատել ինձ և իմ ունեցածը այլոց հետ, չստորադասել իմ ապրելու կերպը այլոց հետ, չնախանձել այն ամենի համար, ինչ ինքս չունեմ, բայց չի ստացվում։ Նորից համեմատում եմ, ինչը մեծ ցավ է պատճառում ինձ։ Ապա մեղավոր եմ զգում, ինձ բավարար լավը չեմ կարծում։ Եվ գիտեմ, որ հատկապես քրիստոնյան չպիտի այսպես ապրի։ Գիտեմ, գիտեմ․․․ բայց իմացածս կյանքի կոչել չի ստացվում։»,- սրտնեղած ասում է զրուցակիցս։ Նրան պատասխանում եմ, որ ինքը մենակ չէ այդ արատավոր գործում։ Եվ հատկապես մեր ժամանակներում բոլոր հարմար պայմանները ստեղծված են, որ մարդիկ իրար մեջ նախանձ հարուցեն՝ սոցիալական կայքերը ասվածի ամենավառ դրսևորումն են։ Այնտեղ մարդիկ ցուցադրում են իրենց ունեցածը՝ հաճախ գույները խտացնելով, հորինվածքն իրականության տեղ հրամցնելով: Բոլորս նույն ցանցում ենք։ Այլ հարց է, թե քո ներսում և քո հոգում կա՞ արդյոք պարարտ հող նախանձի սերմերի համար։

Մեզ այլոց հետո համեմատելու և նախանձ զգալու համար պարարտ հող է պատրաստում այն, որ մենք չենք հիշում մի շարք կարևոր ճշմարտությունների մասին։ Չենք հիշում Արարչին և չենք կամենում արարչագործության մասը լինել։ Այո, աշխարհը շարունակում է արարվել ամեն օր, և Արարիչն ամեն օր նո՛ր օր և հնարավորություններ է ստեղծում մեզ համար։ Երբ մենք մոռանում ենք, որ ստեղծագործություն ենք և այն էլ սիրելի, մոռանում ենք, որ ստեղծված ենք կարևոր առաքելության համար, մոռանում ենք, որ սիրո կրող եք, բարին շատացնող ենք, լույսն ավելացնողը, հայտնվում ենք փակուղում, որից դուրս գալը բոլորովին անհնար է թվում։ Բայց, բնականաբար, կան քայլեր, որոնք մարդուն աստիճանաբար կարող են հանել այս վիճակից և բարձրացնել նրա կյանքի որակը։

Քայլերից առաջինը մրցակցությունից հրաժարվելն է։ Դեռ մանկուց մեզ համեմատում են այլոց հետ՝ ընդգծելով նրանց առավելությունը մեր նկատմամբ։ Այսպիսով մեր մեջ զարգանում է և՛ թերարժեքությունը, և՛ մրցակցության ոգին։ Մինչդեռ մենք այստեղ չենք, որ ապացուցենք մարդկանց՝ որքան լավն ենք մենք, որքան արժանավոր, բարձր։ Գիտակցաբար հրաժարվե՛ք մրցակցությունից, կոտրե՛ք արատավոր շղթան։ Խոսե՛ք ձեր ներսում ապրող երեխայի հետ և ասեք, որ նա Արարչի սիրելի ստեղծագործությունն է՝ օժտված բազում շնորհներով, չբացահայտված տաղանդներով, տեսակով։ Նա ունի ի՛ր ճանապարհն ու իր սեփական անելիքը՝ չկրկնվող, կարևոր և առանձնահատուկ։ Ապա ներե՛ք բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ համեմատել են ձեզ այլոց հետ․ հաճախ նրանք չեն իմացել՝ ինչ են անում։

Հաջորդ քայլը ուշադրության կենտրոնացումն է այն ամբողջ լույսին, որ եղել է և կա ձեր կյանքում։ Երբեք մի մոռացեք, որ ամբողջ տիեզերքը հոգ է տարել, որ դուք ծնվեք, ունենաք ապրելու և աճելու բոլոր պայմանները։ Նույնիսկ եթե ինչ-որ բանից զուրկ եք մնացել կամ հիմա էլ կարիքի մեջ եք, անքննելիորեն կան բաներ, որոնց համար արժե երախտապարտ լինել։ Որքան մարդը կենտրոնանում է այն ամենի վրա, ինչի համար կարելի է շնորհակալություն ասել, այնքան եղածը կրկնապատկվում է։ Ունեցողին տրվում է ավելիով։

Եվ երբ արդեն հրաժարված կլինեք մրցելուց, լցված կլինեք շնորհակալության զգացումով, մտածեք՝ ինչ եք ուզում անել այս կյանքում և ինչն է, որ իսկապես էական է։ Մարդուն ասվել է՝ խնդրիր և կտրվի քեզ։ Բարի նպատակներ ունեցեք, մաքուր պահեք ձեր սիրտը։ Փորձեք գտնել ձեր առաքելությունը, զգալ՝ ինչի համար եք արարվել, ինչ ունեք անելու։ Հաճախ մենք համեմատվում ենք այլոց հետ, որովհետև չգիտենք մեզ, չգիտենք ուր պիտի գնանք և ինչ պիտի անենք։

Եվ վերջում՝ ի լրումն ամբողջ ասվածի․ այլոց հետ համեմատվելու և մարդկանց որպես մրցակցիներ դիտարկելու փոխարեն, փորձեք ինչ-որ շրջան ծառայել նրանց, աղոթել նրանց համար, բարիք գործել նրանց կյանքում, աջակցել նրանց, թևավորել նրանց։ Եվ տեսեք՝ ինչպես կփոխվի ձեր իսկ վերաբերմունքը նրանց նկատմամբ, ինքներդ ձեր նկատմամբ։
Եվ ինչպես ձեր ներսում կծաղկի սերը՝ փրկելով ձեզ համեմատությունից առաջացող ցավից։

Հեղինակ՝ Ա․ Պողոսյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս