Արագ պատրաստվող ապուրներ, լավաշ, թանապուր և մեղր. ՀՀ ԶՈւ պարենային ծառայությունում համալրումներ կան
ՀՀ ԶՈւ պարենային ծառայությունում սննդի տեսականին ավելի է մեծացել և արդեն ներառում է նաև տարբեր տեսակի արագ պատրաստվող ապուրներ, լավաշ, մեղր, մուրաբա, կարամելային կոնֆետներ և այլն:
ՀՀ ՊՆ-ն լրագրողների համար կազմակերպել էր պրես տուր, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ զինված ուժերի առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին տրվող պարենային ապահովման միջոցներն ու սննդի տեսականին:
ՀՀ ԶՈՒ թիկունքի պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճաշացանկում կա 7 տեսակի արագ պատրաստվող ապուր: Դրանց մատակարարման գործընթացն արդեն իսկ սկսվել է:
«Ապուրներից մեկը բաղկացած է բանջարեղենից, որը որպես առաջին տեսակ կհատկացվի բորշչի տեսքով, մնացած ապուրներն էլ լինելու են տարբեր ձավարեղեններով կամ մակարոններով: Այս ճաշատեսակները մարտական հերթապահության ժամանակ հնարավոր է պատրաստել եռացրած ջրում՝ ընդամենը 15-20 րոպեի ընթացքում»,- ասաց Մարգարյանը և հավելեց, որ բոլոր զորամասերում սկսել են տրամադրել նաև լավաշ, ինչն անձնակազմի կողմից հավանության է արժանացել:
Սննդակարգի փոփոխություններից է նաև մեղրի ավելացումը, որի համար մրցույթ է հայտարարվել ու արդեն իսկ կան որոշակի նմուշներ: Դրանք լինելու են անհատական փաթեթավորմամբ՝ մեկ զինծառայողին նախաճաշի ժամանակ օրական կհատկացվի 20 գրամ մեղր՝ հոկտեմբերից-ապրիլ ամիսների ընթացքում:
«Ճաշացանկում 2019 թվականից ավելացել է նաև 3 տեսակի բուսական պահածո՝ լոբով, բրնձով և ոսպով, ինչպես նաև միայն ոսպով: Մատակարարումներն արդեն սկսվել են: 2018 թվականի հոկտեմբեր ամսից շաբաթական մեկ օր մարտական հենակետերում զինծառայողներին հատկացվում է նաև թանապուր: Ստացիոնար պայմաններում մածուն ենք ձեռքբերում և պատրաստում թանապուր»,- նշեց գնդապետը և հավելեց, որ զինծառայողների սննդակարգում ևս 1 ավելացում է նախատեսվում իրականացնել՝ պահածոյացված կարտոֆիլ:
Այն լինելու է մետաղյա տուփերով փակված, եփված վիճակում և բացելուց հետո հնարավոր կլինի օգտագործել տապակած, ինչպես նաև խյուսի տեսքով: Այս պահին մրցույթ է ընթանում մատակարարում իրականացնելու համար:
Խոսելով զինծառայողներին բաժին հասնող քաղցրավենիքի մասին՝ Մարգարյանն ընդգծեց, որ այդ առումով նույնպես փոփոխություններ են իրականացվել: Նախկինում անձնակազմին հատկացրել են միայն թխվածքաբլիթ, այժմ տալի են նաև քաղցրաբլիթ, շոկոլադե սալիկներ, տարբեր տեսակի կոնֆետներ: Յուրաքանչյուր օր մեկ զինծառայողին բաժին է հասնում 20 գրամ կարամելային կոնֆետ, 30 գրամ թխվածքաբլիթ, 30 գրամ քաղցրաբլիթ:
«Ցուրտ եղանակի ժամանակ հոկտեմբերից-ապրիլ ամիսներին տրվում է 3 տեսակի մուրաբա, որոնք ընտրվել են այնպես, որպեսզի վիտամիններն ավելի շատ լինեն և զինծառայողների իմունային համակարգն էլ ուժեղ լինի: Մեր սննդի տեսականին ավելի շատ կալորիականություն է ապահովում զինծառայողին, քան նա էներգիա է ծախսում»,- ասաց ՀՀ ԶՈՒ թիկունքի պարենային ծառայության պետը:
Սննդատեսակների հիմնական մասը տեղական արտադրության են, միայն խտացրած կաթն ու ձկան պահածոն են ներկրվում: