Վարուժան Ավետիսյանը՝ վաղն առավոտյան ավտոերթով Արցախ մեկնելու մասին
«Սասնա ծռերը» վաղն առավոտյան ավտոերթով մեկնելու են Արցախ: «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոերթի և քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում իրազեկելու և ցուցադրելու են, որ մեր ազգը միասնական է:
«Ավտոերթը կանխելու համար է Արցախը Հայաստանից տարանջատելու և Հայոց ամբողջական միացյալ պետականությունը քայքայելու միտումները, որ այսօր դրսևորվում են»,- ասաց Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ հակահեղափոխությունը փորձում է կենտրոնանալ Արցախում, սակայն նրանք գետնի վրա չունեն որևէ հենարան, ժողովուրդը թույլ չի տա:
Դիտարկմանը, որ իրենց նախորդ ավտոերթի փորձից հետո, երբ արգելվել էր նրանց մուտքն Արցախ, այնտեղ իշխանություն չի փոխվել, հնարավո՞ր է՝ նորից նման միջադեպի կրկնություն, Վ.Ավետիսյանը բացասական պատասխան տվեց.
«Ոչ, այդպիսի բան չի կարող լինել: Ժողովրդական բառով ասած՝ չեմ բացառում, որ ինչ-որ կեղտոտություն փորձեն անել, բայց ընդամենն այն մակարդակով, որոնք հաղթահարելի են»: