Բաժիններ՝

Հնդկաստանը մայիսին լիովին դադարեցրել է իրանական նավթի ներմուծումը

Հնդկաստանը մայիսին լիովին դադարեցրել է նավթահումքի ներմուծումը Իրանից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց երկարացնել Իսլամական Հանրապետությունից էներգակիրների մատակարարման հետ կապված պատժամիջոցների՝ իր համար արված բացառությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Միացյալ Նահանգներում Հնդկաստանի դեսպան Խարշ Վարդհան Շրինգլան:

Դիվանագետի խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ իր երկիրն Իրանից ներմուծվող նավթի ամենամսյա ծավալը նվազեցրել էր մինչեւ 1 մլն տոննա: «Դրանով՝ վերջ, մենք այլեւս նավթի չենք գնել (Իրանից)»,-ասել է Շրինգլան, որի խոսքը մեջբերում է PTI գործակալությունը:

Նա նշել է, որ Նյու Դելիում ուշադրության են առել ամերիկյան վարչակազմի մտահոգությունը մինչեւ ընթացիկ ամսվա վերջը իրանական նավթի շարունակվող մատակարարումների կապակցությամբ: Միեւնույն ժամանակ, նշել է դիվանագետը, Իրանից դրա ներմուծումը դադարեցնելու որոշումը «Հնդկաստանի համար բարձր գին ուներ, քանի որ երկրի առջեւ ծառացավ իր համար էներգիայի այլընտրական աղբյուրներ գտնելու անհրաժեշտությունը»:

Ինչպես հիշեցնում է գործակալությունը, իրանական նավթը բավարարում էր հարավասիական այս երկրի էներգետիկական կարիքների մոտավորապես 10 տոկոսը: Հնդկաստանին «սեւ ոսկու» խոշորագույն մատակարարների թվում են նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Իրաքը եւ Սաուդյան Արաբիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս