
Huawei-ը կարող է ներառվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր առևտրական գործարքում. Թրամփ

Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությունը կարող է ներառվել ամերիկա-չինական առեւտրական համաձայնագրում այն դեպքում, եթե այն կնքվի: Մայիսի 23-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
«Հնարավոր է, որ նույնիսկ Huawei-ը ներառվի (Չինաստանի հետ) յուրատեսակ առեւտրական գործարքում: Եթե մենք գործարքի հասնենք, ես կարող եմ պատկերացնել, որ Huawei-ը, հնարավոր է՝ ինչ-որ ձեւով ներառվի գործարքի որոշ մասում»,- նշել է նա:
Այդուամենայնիվ Թրամփը Չինաստանի ընկերությունը համարել է «շատ վտանգավոր»: «Նրանց գործողություններն անվտանգության տեսակետից, ռազմական տեսակետից շատ վտանգավոր էին,- ասել է պետության ղեկավարը:- Մենք պարզապես շատ անհանգստացած ենք Huawei-ի գործողություններից անվտանգության տեսակետից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: