«Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի՛ արեք: Մի՛ արեք, ձեզ չեն ներելու». Գեղամ Մանուկյան

«Հիմա էլ խոսում են Արցախում հեղափոխության մասին։ Ի՞նչ հեղափոխություն, երբ որ Արցախում  հեղափոխություն վաղուց՝ 1988թ.-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։ Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա։ 30 տարի առաջ լուծումը տրված է»,- այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

«Մեր երկրում թշնամի չկա, եթե ունենք թշնամի, ապա սահմանից այն կողմ է: Եթե ուզում եք թշնամի փնտրել՝ ամբողջ Հայաստանով սփռված ազատամարտիկներին, ապրիլյան պատերազմի մասնակիցներին հարցրեք՝ ո՞վ է մեր թշնամին: Նրանք բոլորը կասեն՝ թշամին այնտեղ է, որի ղեկավարին բավականին բարեկիրթ գնահատական էիք տվել: Ամբողջ բանակին, բանակի հրամանատարությանն ուզում են տանել քավարան՝ ապրիլյանի հետաքննություն անվան տակ։ Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի՛ արեք: Մի’ արեք, ձեզ չեն ներելու»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը հայտարարեց նաև, որ այսօր իրենք իշխանություններին դեղին քարտ են ցույց տալիս՝ ասելով, որ վտանգավոր ջրբաժանի վրա են, պետք է իրական գործ անեն։ Ամբողջ բանակին, բանակի հրամանատարությանն ուզում են տանել քավարան՝ ապրիլյանի հետաքննություն անվան տակ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում կարճատև զրույցից ստացած տպավորությունների մասին խոսելով՝  հայտարարել էր. «Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել: Կրթված մարդու տպավորություն թողեց»:

Հիշեցնենք նաև, որ 2018թ. թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանի գլխավորությամբ հանրահավաքային պայքարի ընթացքում նրա թիմակիցները հարթակ էին բարձրացրել մի ծեր մարդու, ով ներկայացել էր՝ որպես ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ և ելույթ ունեցել։ Այդ տղամարդը հանրահավաքի հազարավոր մասնակիցներին պատմել էր, իբրև թե երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել Փաշինյանի հրավիրած պայքարի հանրահավաքին, ասել է՝ մի օրով եկել եմ: Այդ ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները խիստ բարկացել էին.  իրենց անունից ինչ-որ մեկը փորձում էր խաղ խաղալ:

Լրատվամիջոցների հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբենը, ասել էր՝  «Աբսուրդ է դա: Հանրահավաքից հետո գնացել եմ այնտեղ, դերասան Հայկոն էր այնտեղ, ասել եմ՝ դա իրենց կողմից բացթողում էր: Հարցրեցի՝ դրա համար պատասխանատու մարդ կա՞ր, ասացին՝ չէ: Ես չգիտեմ՝ իմաստը ո՞րն էր դրա, PR ինչ-որ շոու-մոու են ուզում արդեն կազմակերպեն, բայց դե, սիրուն բան չեն անում համենայնդեպս»: Այս դրվագը շատերի զայրույթն էր առաջացրել, քանի որ հանրահավաքային կրքեր բորբոքելու և մարդկանց մոտ սուր էմոցիաներ արթնացնելու համար «Իմ քայլ»-ականները կիրառել են բազմաթիվ հնարքներ և կեղծ տեղեկություններ շրջանառել։

Տեսանյութեր

Լրահոս