«Իշխանությունը չի նկատում, որ նախկինների հետ համեմատվելով՝ աստիճանաբար սկսում են նախկիններին նմանվել». Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ եթե իրենք հանրահավաք են գումարում, նշանակում է՝ երկրում մի բան այն չէ։

Նրա խոսքով՝ հանրահավաքի նպատակն է՝ ահազանգ հնչեցնել իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի, քանի որ մոտեցել են անշրջելիության կետին։

«Իշխանության վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ երկրի դիմագրաված մարտահրավերներին ու ժողովրդի սպասումներին, այլև գնալով առաջացնում է վտանգներ։ Սա մի սպառնալիք է, որ այս ինքնագոհ և ինքնահավան իշխանությունը չի զգում»,- նշեց Ա.Ռուստամյանը։

Նա կոչ արեց իշխանություններին դուրս գալ ինքնասիրահարված և էյֆորիկ վիճակից, քանի որ առաջ-առաջ գոռալով՝ երկիրը հետ-հետ է գնում։

Նա նաև հավելեց, որ սեր ու հանդուրժողականություն գոռալուց ավելացել է միայն թշնամանքը, և իշխանությունը չի նկատում, որ նախկինների հետ համեմատվելով՝ աստիճանաբար սկսում են նախկիններին նմանվել։

«Եթե դավադիր պատերազմի մասին հայտարարությունը սոսկ կասկած է կամ վարկած, այլ ոչ թե բացահայտում, ապա այն մեծագույն նվեր էր Ադրբեջանին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոմանք իշխանություն են ստացել և չգիտեն, թե դրա հետ ինչ անեն,  և անում են՝ ինչ խելքներին փչի»,- շեշտեց Ա. Ռուստամյանը։

Նա վստահեցրեց, որ հանրահավաքը նշանակում է ոչ միայն դեղին քարտերի շարժում և իշխանության ամեն մի վտանգավոր և սխալ քայլերի համար նրան դեղին քարտ ցույց տալ, այլև ցույց տալ, թե հայության համար, երկրի բնականոն զարգացման բնականոն ուղին որն է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս