
CNN-ը «Արսենալին» և «Չելսիին» առաջարկում է բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը երկու անգլիական ակումբներին՝ «Արսենալին» և «Չելսիին» առաջարկում է բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Աղբյուրը նշում է, որ դա բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կլինի:
Անդրադառնալով «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հեռուստաալիքը նշում է, որ դա խայտառակություն է ՈՒԵՖԱ-ի համար, որ միջազգային ճանաչում ունեցող ֆուտբոլիստը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն ազգային պատկանելիության պատճառով:
Մխիթարյանի բացակայությունը «Արսենալի» համար մեծ կորուստ կարող է լինել, և աղբյուրի հաղորդմամբ՝ եզրափակչին չմասնակցելու այս որոշումը դեմ է սպորտային բոլոր սկզբունքներին:
Հիշեցնենք, որ «Արսենալն» ու «Չելսին» Եվրոպայի լիգայի գավաթը Բաքվում վիճարկելու են մայիսի 29-ին։ Մայիսի 21-ին «Արսենալը» հայտարարել է, որ Մխիթարյանը չի մեկնելու Ադրբեջան։ «Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին: Մենք ՈՒԵՖԱ-ին մեր խորը անհանգստությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մխիթարյանը առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում»,- ասված է հայտարարության մեջ: