«Մենք եկել ենք ասելու՝ եթե այսպես եք քայլ անելու, ապա կանգ առեք, լրջացեք, հանգիստ նստեք տեղներդ ու գործ արեք». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի իր ելույթում դիմելով հավաքվածներին՝ հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Հայաստանում ժողովուրդը հասարակական բևեռացման, անարդարության, սոցիալական ու տարբեր խնդիրներ լուծելու ակնկալիքով ձևավորեց նոր Կառավարություն, որին մաս կազմեց նաև ՀՅԴ-ն, որպեսզի հաջողեր համաժողովրդական շարժումը։
«ՀՅԴ-ն պատրաստակամություն հայտնեց իր ամբողջ ուժով կանգնել ժողովրդի կողքին և տալ հնարավորություն, որպեսզի երկիրը գնա դեպի զարգացման, սակայն իշխանությունները չհասկացան և չգնահատեցին։ Կարճ ժամանակ անց բաժանեցին սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, խախտելով բոլոր քաղաքական պայմանավորվածությունները՝ նշանակեցին ընտրություններ և ձևավորեցին իշխանություն»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա արձանագրեց, որ իշխանություններից հասարակության ունեցած սպասելիքները չեն արդարացել, իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր և պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։
Ավելին՝ երկիրն առաջ տանելու փոխարեն՝ իշխանությունները շարունակում են ապրել, շնչել ու արտաշնչել անցյալով, քանի որ անցյալի մասին խոսելը հեշտ է և անպատասխանատու, իսկ ապագայի մասին խոսելը՝ ճիշտ հակառակը։
Նա իր զարմանքն արտահայտեց իշխանության վստահության բացակայության առթիվ, որը ստացել է ժողովրդի 70 տոկոս վստահությունը։ Ինքնավստահության բացակայությունն իշխանությունը հաճախ ներկայացնում է «ասֆալտին փռելով», «պատերին ծեփելով» արտահայտություններով։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են՝ երկրում բախումներ հրահրելու համար։
«Մենք եկել ենք ասելու՝ եթե այսպես եք քայլ անելու, ապա կանգ առեք, լրջացեք, հանգիստ նստեք տեղներդ ու գործ արեք։ Դուք իշխանություն եք, և «դուխովի» ժամանակն անցել է, այն այլևս ակտուալ չէ՝ ժամանակն է գործել խելքով և մտքով»,- նշեց Ի. Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի մայիսի 20-ին արած հայտարարությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վիճակը գնահատում են տագնապեցնող։ Իհարկե, կա իրավական ոլորտը բարեփոխելու անհրաժեշտություն, սակայն այդ բարեփոխումները պետք է արվեն օրենքով, հակառակ դեպքում դրանք ճիշտ հանգրվանի չեն կարող տանել։
Նա նաև հավելեց, որ բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են անշահախնդիր օգնել իշխանություններին՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, սակայն «ձայն բարբառոյ հանապատի»։
Ինչ վերաբերում է վարչապետի մեկ այլ հայտարարությանը, որ կան հստակ ուժեր, որոնք օտարերկրյա գործակալներ են, կամ կա դավադրություն, որ որոշ ուժեր ցանկանում են Արցախը հանձնել թշնամուն, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վարչապետը պետք է կոնկրետ անուններ հնչեցնի, հակառակ պարագայում՝ այդ ամենը կդիտարկվի սեփական ժողովրդին «երևակայական թշնամիներով ահաբեկելու փորձ»։
Զվարթ Խաչատրյան