«Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին». Դոն Պիպո

Մանվել Գրիգորյանը՝ իր բոլոր սխալների հետ մեկտեղ, անցած ճանապարհ ունի, ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին, որ հասներ իր թոռներին ու ընտանիքին։ Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Նա կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին և ազատ է արձակվել կալանքից՝ 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ։

Անդրադառնալով իր և Մանվել Գրիգորյանի միջև նախկինում եղած թշնամանքին՝ Ասատրյանը տեղեկացրեց, որ թշնամական հարաբերություններ չեն ունեցել։ Նա նկատեց նաև, որ հորդորել է Էջմիածնում չվիրավորել Մանվել Գրիգորյանին և նրա  հարազատներին.

«Դա մեր հորդորն է եղել, լիքը մարդիկ են եղել վրդովված, ասել ենք՝ հանկարծ չվիրավորեք, որովհետև չի կարելի»։

Իր գործի մանրամասներին անդրադառնալով՝ Ասատրյանը տեղեկացրեց, որ երեք անձի առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար գործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է դատարան։

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») հատկանիշներով: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս