
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նոր ղեկավար է դարձել Մել Սթրայդը

Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Մել Սթրայդը նշանակվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նոր ղեկավար՝ փաստորեն նախարարների կաբինետի ներկայացուցիչը օրենսդիր մարմնի ստորին պալատում: Այդ մասին ասված է պաշտոնական հայտարարության մեջ, որը մայիսի 23-ին տարածել է վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունը:
Մինչ այդ Սթրայդը 2017 թվականից աշխատում էր ֆինանսների նախարարության փոխղեկավարի պաշտոնում: Համայնքների պալատի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այն զբաղեցնող Անդրեա Լիդսոմը մայիսի 22-ին հայտարարեց պաշտոնաթողության մասին այն բանի կապակցությամբ, որ չի ընդունում կառավարության քաղաքականությունը Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 21-ին ներկայացրել է Brexit-ի շուրջ այսպես կոչված նոր գործարքը: Դրանում ներառված է տասը կետ, որոնք կոչված են օգնել՝ ստանալու խորհրդարանական կուսակցությունների աջակցությունը Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու նախանշված պլանի իրագործման համար:
Մասնավորապես, բրիտանական կառավարության ղեկավարը խոստացել է, որ պատգամավորներն իրավունք կստանան արտահայտվել Brexit-ի հարցով կրկնական հանրաքվե անցկացնելու շուրջ, սակայն դրա համար նրանց հարկ կլինի նախ հավանություն տալ Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագրին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: