Կործանիչի հնդիկ առաջին կին-օդաչուին թույլատրել են մարտական մասնակցել գործողությունների
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կապիտան Բհավանա Քանթհը դարձել է կործանիչի հնդիկ առաջին կին-օդաչուն, որը պաշտոնապես թույլտվություն է ստացել մասնակցելու մարտական առաքելություններին: Ինչպես մայիսի 23-ին հայտնել է PTI լրատվական գործակալությունը, նա հաջողությամբ ավարտել է նախապատրաստական ծրագիրը՝ ՄիԳ-21 կործանիչով (Հնդկաստանում այս ինքնաթիռը ստացել է «Բիզոն» անվանումը) մարտական առաջադրանքներ կատարելու համար։
«Նա որակավորում ստացած առաջին կին-օդաչուն է, որը նրան թույլ է տալիս կործանիչով առաջադրանքներ կատարել ցերեկային ժամերին: Նա դրան կարողացել է հասնել դժվարին աշխատանքի եւ հաստատակամության շնորհիվ»,-գործակալությունը մեջբերում է ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Անուպամ Բաներջիի խոսքը: Կապիտան Քանթհը կին-օդաչուների առաջին խմբի կազմում էր, որոնք 2016 թվականին ընտրվել էին կործանիչների վրա ծառայելու համար: Դա գիտափորձ էր:
Բհավանան, ինչպես նաեւ եւս երկու աղջիկներ՝ Մոհանա Սինգհը եւ Ավանի Չաթուրվեդին, ուղարկվել էին զորամասեր՝ գերձայնային մարտական ինքնաթիռներով թռիչքներին նախապատրաստվելու համար: Քանթհի առաջին ինքնուրույն թռիչքը ՄիԳ-21-ով կայացել է անցյալ տարի: Եվ ահա այժմ նա դարձել է խմբի առաջին աղջիկը, որին թույլատրել են մասնակցել մարտական գործողություններին:
«Դա իմ մանկության երազանքն էր: Այն ժամանակ բոլորը կարծում էին, որ նման բանի մասին կարող են երազել միայն տղաները: Համենայն դեպս, այդպիսին էր կարծրատիպը: Բայց իմ ծնողները երբեք ինձ չեն ստիպել մտածել, որ ես իմ երազանքից պետք է հրաժարվեմ լոկ այն պատճառով, որ աղջիկ եմ»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: