
Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել

Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը մայիսի 22-ի երեկոյան մինչեւ 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել: Այդ մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը:
Մոխրի արտանետումից հետո հրաբուխը շարունակել է ակտիվությունը՝ գազեր արտանետելով մինչեւ 800 մետր բարձրությամբ: Իշխանությունները նախազգուշացնում են Պոպոկատեպետլին մոտենալու վտանգի մասին:
Հրաբուխը, որի անվանումն ացտեկների լեզվից թարգմանվում է որպես «ծխացող լեռ», ծովի մակարդակից բարձր է 5,4 հազար մետր: Այն արդեն վաղուց դարձել է Մեքսիկայի խորհրդանիշերից մեկը:
Ներկայում հրաբխի ակտիվությունը եւ մոխրի արտանետումը լրացուցիչ վտանգ են ներկայացնում վերջերս մթնոլորտի սաստիկ աղտոտման կապակցությամբ, որն անցյալ շաբաթ գրանցվել է Մեխիկո քաղաքի ամբողջ տարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: