Panasonic-ը դադարեցրել է առևտրական գործառնությունները Huawei-ի հետ
Panasonic ճապոնական կորպորացիան հայտարարել է Huawei-ի հետ առեւտրական բոլոր գործառնությունների դադարեցման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը չինական այդ ընկերությունը ներառեց սեւ ցուցակում: Այդ մասին հայտնել է FNN հեռուստաալիքը:
Ալիքի տվյալներով՝ ճապոնական կորպորացիան դադարեցրել է առեւտրական բոլոր գործառնությունները ինչպես բուն Huawei-ի, այնպես էլ նրա հետ կապված 68 ընկերությունների հետ:
Նախօրյակին Huawei-ի հետ հարաբերությունները դադարեցրել են շարժական կապի SoftBank եւ KDDI ճապոնական կորպորացիաները: Նրանք հայտարարել են, որ հետաձգում են Huawei ընկերության արտադրության նոր մոդելների սմարթֆոնների ավելի վաղ պլանավորված վաճառքները: Կորպորացիաները եկել են այն եզրակացության, որ չեն կարող երաշխավորել այս գաջեթների անվտանգ եւ հուսալի օգտագործումը:
Ճապոնական ընկերությունները դեռեւս չեն հայտնել, թե իրենք մտադիր են արդյոք այսուհետեւ վաճառել Huawei-ի սմարթֆոններ: Ճապոնիայում դրանք վաճառում են միայն SoftBank-ը եւ KDDI-ն:
Այս կորպորացիաների որոշումը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ի վարչակազմը փաստորեն արգելել է ամերիկացի ձեռնարկատերերին անհրաժեշտ բաղադրիչներ մատակարարել Huawei-ի կարիքների համար: Այդ կապակցությամբ, մասնավորապես, Google կորպորացիան դադարեցրել է իր շփումները չինական ընկերության հետ, ներառյալ նրան ծրագրային ապահովում տրամադրելը:
Huawei-ն այդպիսով կկորցնի Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներից օգտվելու հնարավորությունը, որով հանդերձված են նրա կողմից արտադրվող սմարթֆոնները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: