35 միլիոն չէ, 35 հազար է…
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Ուրիշի փողերն ու մեր փողերը» էջի հրապարակումն այն մասին, թե իբր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի դրամական միջոցները կազմում են 46.000.000 դրամ 35.000.000 դոլար, 5000 վրացական լարի` ըստ վերջինիս 2018թ. հայտարարագրի:
Ուշագրավ է այն, որ այդ գրառումն ու դատավորի նկարն իր էջում տեղադրելով` Էդուարդ Աղաջանյանը գրել էր` 35 մլն$ #Վեթինգ:
Ակնարկը պարզ է ու հասկանալի: Իշխանություններին պետք է ամեն գնով դատական համակարգում հրեշներ գտնել կամ ստեղծել, որպեսզի իրենց ասած վեթինգը ինչ-որ կերպ սղղացնեն ու ընդունելի դարձնեն հասարակության համար: Այլ հարց է, որ եթե իշխանությունները վստահ լինեին, որ նշված դատավորը 35 միլիոն դոլար կարողություն ունի, վերջինս հիմա հավանաբար կալանավորված կլիներ:
Ինչևէ, 168.am-ը կապվեց դատավոր Գեղամ Մարգարյանի հետ, ով ասաց, որ նոր է իմացել, որ այդ թիվն է նշված:
«Ճիշտն ասած` լավ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր որևէ եղանակով 35 միլիոն դոլար գումար ունենալ: 35 միլիոն չէ, 35 հազար է: Թյուրիմացություն է տեղի ունեցել: Այդ գումարը ես ունեցել եմ մինչև պաշտոնի ստանձնումը, այնուհետև 2017թ.-ից հետո հայտարարագրում զրոներ են ավելացել վրիպակի արդյունքում: Դիմել եմ հանձնաժողովին, կուղղեն»,- ասաց Գեղամ Մարգարյանը:
Մնում է, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը առնվազն ճշտված տվյալներ հրապարակի ու չապակողմնորոշի հասարակությանը` լրացուցիչ թշնամանքի օջախներ ստեղծելով: