Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ընդվզող ուսանողները փորձեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքը
15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։ Ուսանողներին, սակայն, չի գոհացրել որոշումը. նրանք փակել են ինստիտուտի մուտքի ու հետնամուտքի դռները և չեն թողնում հանձնաժողովի անդամներին դուրս գալ։ Նրանք պահանջում են հենց այսօր ընտրված ռեկտորի հրաժարականը։
Ինստիտուտից չհաջողվեց դուրս գալ նաև նիստին մասնակցած ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանին ու Նարինե Թուխիկյանին։ Վերջինս փոխանցեց նախարար Հարությունյանի առաջարկը, որպեսզի ընդվզող ուսանողները մի թիմ կազմեն և գործուղվեն նախարարություն՝ բանակցությունների համար. «Ամենակարևոր պայմանը, որ բացվեն ինստիտուտի դռները»։
Մինչ որոշումը կկայացվեր, ինստիտուտի ուսանողները լրագրողներին պարտադրեցին դուրս գալ ինստիտուտի տարածքից՝ պատճառաբանելով, թե «առանձին բան ունեն խոսելու»։ Լրագրողները հիշեցրին, որ իրենք իրականացնում են իրենց պարտականությունը հանրային տարածքում։
Այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումը դադարեցվեց։
Զարուհի Դիլանյան