37=2019, կամ Լենա Նազարյանի դարակազմիկ կոչը

Այսօր լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը հետևյալ միտքն է հայտնել. «Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել»։

Նույն Լենա Նազարյանը, ով, ըստ լավատեղյակ աղբյուրների՝ հեղափոխությունից մեկ-երկու տարի առաջ է իր համար պարզել, թե Հայաստանում 1999թ. հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել։

Նազարյանի հարցազրույցից սույն պարբերությունը տեղադրված է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ինչից կարող ենք ենթադրել, որ սա նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է։

Հասարակությունը դեռ ուշքի չի եկել իրենց կուսակցության առաջնորդի կազմակերպած անհասկանալի, չստացված ֆլեշմոբից, որի իրավական և քաղաքական հետևանքները դեռ շատ ենք զգալու մեր մաշկի վրա, և որին արագ արձագանքեցին և քննադատական հայտարարություններ արեցին միջազգային կառույցները, կառավարման խորհրդարանական մոդել ունեցող երկրի օրենսդիր մարմինը դեռ քննարկումներ չի արել այդ կապակցությամբ, բացատրություններ չի լսել, իշխող խմբակցության ու առհասարակ կառավարության անդամների գերակշռող մեծամասնությունը գաղափար անգամ չունի՝ ինչ ասել է՝ անցումային արդարադատություն, դրա գործիքակազմն ու իրականացման մեխամիզմները մեր երկրի համար առնվազն տարօրինակ են, երկու օր է՝ նոր տերմին են սովորել ու բոլորի ուղեղները ծակում են «վեթթինգով», հիմա էլ ԱԺ փոխխոսնակը կոչ է անում անհապաղ հրապարակել իրենց հայտնի տեղեկությունները դատավորներին առնչվող հանգամանքների հետ։

Լավ, ենթադրենք, թե այդ տեղեկություններն անպայման հրապարակվեցին, ինչպե՞ս եք ստուգելու դրանց իսկությունը, ունե՞ք արդյոք այդքան մարդկային, իրավական ու տեխնիկական ռեսուրսներ, թե՞ ձեզ պետք չէ ստուգել տեղեկությունները, 37 թվի տրոյկաների օրինակով մի բան կհորինեք ափալ-թափալ ու դատ ու դատաստան կտեսնեք՝ ըստ ձեզ՝ մեղավոր դատավորների հետ։

Առավել ուշագրավ է այն, որ տիկին Լենա Նազարյանը սույն կոչով դիմում է հեղափոխությունը պաշտպանողներին, այսինքն՝ ևս մեկ անգամ փաստում են ըստ էության, որ իրենք իշխանություն են հեղափոխությունը պաշտպանողների համար, իսկ թե որքա՞ն է այժմ հեղափոխությունը պաշտպանող քաղաքացիների թիվը, ականատես եղանք երկու օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու ու համաժողովրդական աջակցություն ակնկալելու կոչին արձագանքեց ընդամենը 1100 մարդ ողջ հանրապետությունով մեկ՝ ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության, որի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հեղափոխության սատարողներից է։

Իսկ թե ի՞նչն է տիկին Նազարյանի այս հակասահմանադրական նախաձեռնության և դարակազմիկ մտքի պատճառը, տարբեր ենթադրություններ կարող են լինել։ Միգուցե դրանով նա փորձում է վերագտնե՞լ իր տեղը կուսակցության առաջամարտիկի դիրքերում, քանի որ տպավորություն էր, որ նա  լուսանցքում է հայտնվել։

168.am-ը դիմեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ, փորձառու իրավաբան  Արփինե Հովհաննիսյանին՝ մեկնաբանելու համար ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը։

«Առհասարակ ես մեկնաբանում եմ մասնագիտական գնահատականները, իսկ մասնագիտական տեսանկյունից ոչ ձեռնհաս մտքեր չեմ մեկնաբանում։ Հուսով եմ՝ նույն կոչը տիկին Նազարյանը հնչեցրել է՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ կապված։ Կարծում եմ՝ նրանց համար ևս օգտակար կլինի»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը։

ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս