«Մենք ֆիքսում ենք ուղիղ և հարակից ազդակներով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի». Ադրբեջանական հարցերով փորձագետ

«Ադրբեջանում բոլորի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի և Արցախ-Հայաստան ներքին տարաձայնությունների քննարկման շուրջ։ Հայկական կողմից նրանք ինչ-որ ազդակներ են բռնում և ուռճացնում՝ բնականաբար, փորձելով այդ ամենն օգտագործել քարոզչական նպատակով՝ ծառայեցնելով իրենց շահերին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով հարցին, թե մայիսի 20-ին Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և ընդհանրապես Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես է ներկայացնում ադրբեջանական մամուլը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանում փորձագետներն այս հարցերի հետ կապված բաժանվել են երկու խմբի, նրանք միակարծիք են միայն մեկ հարցի շուրջ, որ Հայաստանում այսօր քաղաքական ճգնաժամ է։ Սակայն տարբեր մոտեցումներ ունեն Ադրբեջանի հետագա քայլերի վերաբերյալ։

«Փորձագետների մի խումբը, ավելի գերակշիռ մասը՝ համարում է, որ պետք է սպասել, հետևել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և շտապողականություն չցուցաբերել։ Համեմատականներ են նույնիսկ տանում էլչիբեյյան Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ նրանք իրենց պատմությունը փորձում են պրոյեկտել ներկայիս Հայաստանի վրա՝ սպասելով, որ ներքին պառակտումներն ավելի կհեշտացնեն իրենց  հաջողություններն Արցախի հարցում։

Փորձագետների երկրորդ խումբն ավելի ռադիկալ է տրամադրված. համարում են, որ այժմ ստեղծվել է հարմար պահ ռազմական գործողություններ սկսելու համար, և գուցե Ադրբեջանն այլևս նման շանս չունենա։ Ռազմական կոչով հանդես եկողներն ավելի փոքրաթիվ են։ Ամեն դեպքում Ադրբեջանն ուշի ուշով հետևում է Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին և իր ամբողջ քարոզչական գործիքակազմն օգտագործում է այդ ամենը նաև խեղաթյուրելու, ապատեղեկատվություն տարածելու և ավելի սրելու հայաստանցի, արցախցի դիսկուրսը՝ իր շահերին ծառայեցնելով»,- ընդգծեց  փորձագետը։

Հարցին՝ կարծիքներ են հնչում, որ վարչապետի հայտարարությունից հետո Ադրբեջանը հեշտությամբ կարող է գնալ սադրանքների և հայտարարել, որ Հայաստանի ինչ-որ ուժեր են դիմել սադրանքի, իսկ իրենք ընդամենը փորձել են կանխել, այս սցենարն այժմ որքանո՞վ է իրատեսական, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Ադրբեջանը կարող է գնալ սադրանքների, սակայն այս պահի դրությամբ Ադրբեջանի համար նպատակահարմար չէ լայնամասշտաբ գործողություններ սկսել։

«Քանի որ ունեն տնտեսական նախագծեր, որոնք պետք է իրականություն դարձնեն, մյուս տարի ունեն խորհրդարանական ընտրություններ, այսինքն՝ քաղաքական գործընթացներն այնպես են ծավալվում, որ պատերազմ սկսելն առաջնահերթություն չէ։ Ամեն դեպքում մենք ֆիքսում ենք ուղիղ և հարակից ազդակներով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Այնտեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, միջազգային հարթակներում են վերադիրքավորվում։ Բայց որպես փորձագետ՝ նման պնդում չեմ անի, որ Ադրբեջանը վաղը սկսելու է պատերազմ, բայց սադրանքներ լինելու են և լինելու են պարբերաբար: Ադրբեջանն առաջնագծում սրելու է իրավիճակը և շանտաժներով բանակցային գործընթացում իր համար փորձելու է ինչ-որ դիվիդենտներ շահել»,- շեշտեց փորձագետը։

Անդրադառնալով Ադրբեջանում զորավարժությունների ընթացքում հրապարակված հայտնի լուսանկարին, մակագրված՝ «Մեր հաջորդ կանգառը լինելու է Շուշիում», Անժելա Էլիբեգովան ասաց, որ այս տարվա ընթացքում սա արդեն երրորդ զորավարժությունն է, որի համար Մինսկի խմբին նախապես չի զգուշացրել։

«Այս զորավարժությունները հարձակողական բնույթ են կրում, Ադրբեջանը կրկին իր տրամաբանության մեջ է, և եթե բանակցային գործընթացքում հօգուտ իրեն գործընթացները չծավալվեն, պատրաստ է ամեն պահի գնալ ադրբեջանական սցենարով նախատեսված լուծման։ Սա Ադրբեջանում որևէ մեկը չի թաքցնում, և պաշտոնական մակարդակում սա միշտ ֆիքսում են, որ կա այլընտրանքային՝ ռազմական ճանապարհ»,- եզրափակեց ադրբեջանական հարցերով փարձագետը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս