Ավստրիայում կայացել է անցումային կառավարության երդմնատվությունը
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենի ներկայությամբ մայիսի 22-ին կայացել Է երկրի անցումային կառավարության երդմնատվությունը՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, որը երկիրը ղեկավարելու է մինչեւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները:
Մայիսի 21-ին վան դեր Բելենն ընդունել է Ավստրիայի ազատության կուսակցությունից (ԱԱԿ) բոլոր նախարարների հրաժարականը, բացառությամբ արտաքին գործերի նախարար Քարին Քնայսլի: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրի նախագահն իրեն հանձնարարել է ազատված նախարարական պաշտոններում նշանակել փորձագետների:
Նախագահը պաշտոնապես պաշտոններից ազատել է ԱԱԿ-ից նախարարներին, իսկ հետո նոր քաղաքական գործիչների նշանակել կառավարական պաշտոնների: Հեռարձակումն իրականացրել են ավստրիական հեռուստաալիքները: Պաշտոնաթող եղած Հայնց-Քրիստիան Շտրախեի փոխարեն փոխկանցլերի գործառույթները կկատարի ֆինանսների նախարար Հարթվիգ Լյոգերը, իսկ սպորտի նախարարինը (նույնպես Շտրախեն էր)՝ Յուլիանե Բոնյեր-Շտրաուսը, որը գլխավորում է նաեւ կանանց, ընտանիքի եւ երիտասարդության գործերի նախարարությունը:
Հերբերտ Կիկլի փոխարեն Ավստրիայի ՆԳ նախարարության նոր ղեկավար Է դարձել Ավստրիայի Գերագույն դատարանի նախկին նախագահ Էկարտ Ռատցը, իսկ պաշտպանության նախարարությունը Մարիո Կունասեկի փոխարեն գլխավորել Է սպա Յոհան Լուիֆը:
Տրանսպորտի, ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարարի պաշտոնն զբաղեցրել է Austro Control օդային երթեւեկության վարչության ղեկավար Վալերի Հաքլը, իսկ աշխատանքի, սոցիալական գործերի, առողջապահության եւ սպառողների իրավունքների պաշտպանության նախարար է դարձել գերատեսչության դեպարտամենտի նախկին ղեկավար Վալտեր Պելտները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: