
Երևանի քաղաքապետարանը անհատույց տարածք տրամադրեց «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական կազմակերպությանը

Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Տիգրան Մեծի 53 հասցեում գտնվող 199.1քմ մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով կտրամադրվի «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Նման որոշում է կայացրել Երևանի ավագանին մայիսի 22-ին գումարված հերթական նիստում:
Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, նախագիծը ներկայացնելուց նշեց, որ քննարկվող տարածքը կազմակերպությունը նախատեսում է օգտագործել որպես մանկական ներառական զարգացման կենտրոն, որտեղ կկարողանան հաճախել 2-6 տարեկան` ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող, իսկ կենտրոնի աշխատակիցների մեծ մասը լինելու են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները: Նախատեսվում է ունենալ երեխաների երկու խումբ` 2-4 տարեկանների և 4-6 տարեկանների համար`յուրաքանչյուր խմբում ունենալով 10-15 երեխաներ:
Կազմակերպությունը նպատակ է հետապնդում նաև մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին տրամադրել վերականգնողական բուժում` ներառական ծրագրով և ստեղծել երեխաների զարգացման նոր մոդել: Հարկ է նշել, որ կազմակերպությունը պարտավորվել է անհատույց օգտագործման իրավունքը գրանցելուց և անհրաժեշտության դեպքում շինարարության թույլատվություն ստանալուց հետո առնվազն 4-6 ամսվա ընթացքում սկսել շինարարությունը և ավարտել ոչ ուշ, քան այն սկսելուց հետո 18 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն գործունեության և կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքներն ավարտելուց հետո տարածքն օգտագործել բացառապես որպես մանկական ներառական զարգացման կենտրոն:
«ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին: Կազմակերպության նպատակն է աջակցել մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունն աջակցում է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող մոտ 270 երեխաների, որոնք ապրում են կարիքավոր ընտանիքներում։
Երևանի ավագանու նիստը կանցկացվի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: